Վարչապետի տիկինը պարզաբանել է իր եղբոր պատգամավոր դառնալու մասին որոշումը
«Միևնույն է՝ դա պետական շենք է, և հրաժարվելուց այդ շենքը չի անհետանում, միևնույն է՝ այն պահպանելու խնդիրը կա: Իսկ ինչ վերաբերում է Բաղրամյան 26-ին, դա նաև իշխանության սիմվոլիկաներից մեկն է Հայաստանում, ես դա համեմատում եմ Սպիտակ տան հետ, դրանք պետք է տարիներ հետո դառնան պատմության մաս»,-այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը՝ խոսելով Բաղրամյան 26-ի շենքի պահպանությունից:
Ձախ Հարութի հետ կապված միջադեպերին անդրադառնալով՝ Աննա Հակոբյանը նշեց, որ պետք է շատ ավելի հանդուրժող լինել: «Մեր հանրության որոշ խմբեր այնքան հեշտ են մարդու բարձրացնում ու իջեցնում: Հիմնվելով մի դրվագի վրա՝ պետք չէ մարդուն բարձրացնել կամ իջեցնել: Հասկանալի է, որ մարդկանց մոտ բացասական էներգիան շատ է հավաքված, բայց պետք է ձերբազատվել այդ բացասական էներգիայից»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է իր եղբորը՝ Հրաչ Հակոբյանին, ով շուտով պատգամավորական մանդատ կստանա, Աննա Հակոբյանը նշեց, որ եղբոր անձնական որոշումն է եղել մտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, նա ռեյտինգային ընտրակարգով է մասնակցել, բավականին շատ ձայներ է հավաքել:
Հիշեցնենք, ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանի, Մանե Թանդիլյանի եւ Արտակ Զեյնալյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են: Նրանց օրենսդիր մարմնում կփոխարինեն Հրաչ Հակոբյանը, Հայկ Կոնջորյանը եւ Հովիկ Աղազարյանը: