Տեր-Պետրոսյանի ցինիզմի աստիճանը ապշեցնող է. Քոչարյանի գրասենյակ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող 2rd.am կայքն արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ։
«Այսօր նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել մի հայտարարությամբ, որտեղ տարատեսակ գնահատականներ է տվել ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերջերս հնչեցված մտքերին` ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Իսկ հայտարարության վերջում նորից կրկնել է իր ավանդական կեղծիքներից մեկն այն մասին, թե իբր Ռոբերտ Քոչարյանի սխալի հետևանքով ԼՂՀ-ն ժամանակին դուրս է մնացել բանակցությունների սեղանից:
Հիշեցնենք, որ այս թեմայով ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողմոնյանը բազմիցս հանդես է եկել պարզաբանումներով և փաստացի ապացուցել, որ հենց Տեր-Պետրոսյանն ու իր քաղաքական թիմն են եղել Արցախը բանակցային սեղանից դուրս թողնելու մեղավորները (տես` http://news.am/arm/news/17772.html կամ https://news.am/arm/news/255451.html) :
Պատմական փաստերն ապացուցում են, որ ԼՂՀ ներկայացուցիչները դադարել են մասնակցել բանակցային գործընթացին Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ նախագահ ընտրվելուց առնվազն մեկ տարի առաջ: Իսկ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներն ու բանակցությունները պարբերաբար կազմակերպվում էին՝ սկսած 1990 թվականից` Մինսկի գործընթացին զուգահեռ: Լևոն Տեր-Պետրոսյանը բանակցել է և Այազ Մութալիբովի, և Աբուլֆազ Էլչիբեյի, և Հեյդար Ալիևի հետ: Ավելին. միևնույն ժամանակ հաճախակի հանդիպումներ էին կազմակերպվում երկու նախագահների ներկայացուցիչների` Ժ. Լիպարիտյանի և Վ. Գուլուզադեի միջև (1995-96թթ. տեղի է ունեցել 11 այդպիսի հանդիպում):
Ասվածը հերթական փաստացի ապացուցելու համար մեջբերենք մի հաղորդագրություն, որ տպագրվել է «Հայք» թերթի 1997 թվականի հունվարի 25-ի համարում:
«Հայաստանն այլևս չի բանակցի Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցի շուրջ՝ առանց Ղարաբաղի մասնակցության: Այս մասին հայտարարեց ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, ելույթ ունենալով Լոնդոնում անցկացվող «Անդրկովկասի հեռանկարները» խորհրդաժողովում: Պրն. Լիպարիտյանը հայտնեց, որ այդ որոշումը Հայաստանը կայացրել է այն պատճառով, որ, ինչպես ցույց տվեց Լիսաբոնի ԵԱՀԿ գագաթաժողովը, Ադրբեջանը ձգտում է օգտագործել երկկողմանի հանդիպումները ղարաբաղյան կողմին բանակցություններից աստիճանաբար դուրս մղելու նպատակով: Նրա խոսքերով, ժամանակին Հայաստանը ընդառաջեց և ընդունեց Ադրբեջանի առաջարկությունը՝ անցկացնել երկկողմ բանակցություններ, որպեսզի փորձի դյուրացնել բանակցությունների ընթացքը» (տես՝ հոդվածին կից լուսապատճենները):
Տեր-Պետրոսյանի ցինիզմի աստիճանը ապշեցնող է. նա կրկին մեղադրում է երկրորդ նախագահին մի բանի համար, որ ինքն է կատարել»։