25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կքննարկվեն ապագային միտված ծրագրերը. Սերժ Սարգսյանը նամակ է հղել «Լույս» հիմնադրամի աշխատակազմին և կրթաթոշակառուների համայնքին

ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը նամակ է հղել «Լույս» հիմնադրամի աշխատակազմին և կրթաթոշակառուների համայնքին՝ տեղեկացնելով, որ առաջիկա օրերին կհրավիրվի հիմնադրամի Գործադիր խորհրդի նիստ` քննարկելու հիմնադրամի ապագային միտված ծրագրերը և դրանց ֆինանսավորման հնարավորությունները։

Հիշեցնենք, որ «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի հիմնադիր-գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը տեղեկացրել էր հիմնադրամի աշխատանքների դադարեցման մասին:

Ինչպես հայտնում են ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից, նամակում, մասնավորապես, ասվում է. «Իմ սիրելի՛ «ԼՈՒՅՍ»-ավոր համայնքի ներկայացուցիչներ,

2009 թվականին «Լույսը»-ի ստեղծման գաղափարը մեր հայրենիքի վերելքը ապահովելու անհրաժեշտ պայմանն էր։ Այս տարիների ընթացքում աշխարհի առաջատար 10 բուհերում մենք ունեցել ենք շուրջ 570 կրթաթոշակառու գրեթե բոլոր գիտական ճյուղերում` տեսական ֆիզիկայից մինչև միջազգային հարաբերություններ։ Հիմնադրամն անցնող տարիներին իրականացրել է նաև մի շարք մշակութային, կրթական ու ստեղծագործական կազմակերպությունների ու տաղանդաշատ անհատների ֆինանսավորում, որոնք իրենց նպաստն են բերել մեր հայրենիքի շենացման գործին։

Մեր կրթաթոշակառուներից շատերն արդեն աշխատում և արարում են Հայաստանում` հարստացնելով մեր պետական հաստատությունները, քաղաքացիական հասարակությունն ու գործարար մշակույթը։ Լիահույս եմ, որ մյուսներն էլ միջազգային հարթակներում անհրաժեշտ փորձ ու գիտելիք ձեռք բերելուց հետո կվերադառնան հայրենիք ու կլծվեն երկիրը զարգացնելու շնորհակալ գործին։

Ի դեմս «Լույս»-ի հզոր համայնքի մենք արդեն կուտակել ենք բավարար մարդկային ներուժ Հայաստանի պետական ու հասարակական ինստիտուտները սնուցելու և ավելի ուժեղացնելու համար։ Ամեն տարի հանդիպելով ձեզանից շատերին` վստահ էի, որ իմ` որպես հիմնադրի հույսերը լիարժեք արդարացնելու եք։ Ձեր այդ հաջողությունները տոնելու ու Հայաստանի ապագայի մեր տեսլականները քննարկելու առիթներ դեռ անպայման կունենանք։

Օգտվելով առիթից` երախտագիտություն եմ հայտնում հիմնադրամի բոլոր նվիրատուներին, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ այս նախաձեռնության իրականացումը։

Կցանկանայի նաև շնորհակալության խոսք հղել «Լույսը»-ի աշխատակազմին` տարիների իրենց նվիրված աշխատանքի համար։ Դուք դրել եք ապագա մեր հաջողությունների հիմքը, ինչի համար շնորհակալ եմ բոլորիդ։

Այսօր մենք արդեն ունենք շրջանավարտների հզոր համայնք ու դրանով հասել ենք մեր կարևոր հաղթանակներից մեկին։ Ակնհայտ է, որ ընթացիկ ծրագրերի ծավալները օբյեկտիվորեն կրճատվելու, իսկ ոչ կրթաթոշակային ծրագրերը` հիմնականում դադարեցվելու են ի նպաստ նոր ուղղություններով իրականացվելիք այլ ծրագրերի։

Հետագա մեր հաղթարշավը պետք է անցնենք՝ վերաիմաստավորելով այսօրվա ձեռքբերումները, հստակեցնելով ապագայի տեսլականը և հաշվի առնելով առկա ռեսուրսները մեր հասարակության և ազգային կարիքներին լավագույնս ծառայեցնելու նպատակը։

Մոտակա օրերին կհրավիրվի հիմնադրամի Գործադիր խորհրդի նիստ` քննարկելու մեր հիմնադրամի ապագային միտված ծրագրերը և դրանց ֆինանսավորման հնարավորությունները»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ