Ինչ կտա Մաքսային միությանն անդամակցությունը. պարզաբանում է նախագահը
Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո Հայաստանը տնտեսական աճի ավելի մեծ վստահություն ունի, տնտեսությունն ապագա տարիների ընթացքում լուրջ հաջողություններ է ունենալու: Այսօր ԵԿՄ համագումարում ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:
՛՛Ինչքան էլ ասենք, որ Հայաստանի Մաքսային միությանը անդամակցությունը անցել է հարթ, առանց որևէ խնդիրների, այնուհանդերձ հասարակության մեջ և ներդրողների համար անորոշություն կար՝ ինչ ուղղություն ենք ընտրելու, դա ինչի է բերելու և այլն՛՛,-ասաց նախագահն ու հավելեց, որ արդեն կա որոշակիություն, կան կոնկրետ ծրագրեր, և դրանք հուշում են, որ հաջողվելու է շատ ավելի մեծ առաջընթաց ունենալ: ՛՛Եթե մենք 2013թ-ին մեր գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ֆոնին ունեցել ենք արտահանման աճ՝ 7.2%, ապա ՄՄ-ին անդամակցելով մենք շատ ավելի մեծ աճ ենք կարողանալու ապահովել, որովհետև այդ 7.2%- մի առյուծի բաժինը ընկնում է հենց ՄՄ անդամ երկրներին՛՛,-նկատեց նախագահը:
Նա հայտնեց, որ դեպի Ռուսաստան արտահանումը ավելացել է 20%-ով, իսկ հիմա արտահանման հնարավորությունը դարձել է անսպառ, քանի որ դա ահռելի շուկա է 3 մլն բնակչություն ունեցող երկրի համար:
Ինչ վերաբերում է ապագա ծրագրերին, ապա նախագահի խոսքով՝ 2014-ին ավարտվելու է լեռնարդյունաբերության մի ծրագիր, որի ուղղությամբ տարիներով է աշխատանք տարվել:
՛՛Դա մեզ հնարավորություն է տալու Հայաստանում արտադրել 80-100 հազ. տոննա պղինձ խտանյութ, իսկ դա այն կրիտիկական քանակն է, որ հնարավորություն է տալիս ունենալու պղնձաձուլարան, իսկ դա իր հերթին հնարավոր է միայն ծծմբաթթվի վերամշակման գործարան ունենալով՛՛:
Սերժ Սարգսյանը տնտեսության զարգացման համար կարևոր ծրագրեր համարեց նաև Նաիրիտի նոր գործարանի կառուցումը և Գեղարքունիքի մարզի ձկնարդյունաբերական մեծ համալիրի ստեղծումը:
՛՛Եթե որոշ սադրիչներ մոլորության մեջ չգցեն ՛՛Նաիրիտի՛՛ աշխատողներին, ապա մենք անկախ որևէ հանգամանքից, ամենայն հավանականությամբ սկսելու ենք նոր ՛՛Նաիրիտի՛՛ կառուցում, գոնե նախագծանախահաշվարկային աշխատանքներ, և հնարավորության դեպքում հին Նաիրիտի փորձարկում:
Հաջորդը՝ 2014-ին առարկայական է դառնալու Գեղարքունիքի մարզում ձկնարդյունաբերական մեծ համալիրի ստեղծումը, որի նպատակն է 2019թ-ին ունենալ 50 հազար տոննա ձկան արտադրություն և ձկնային պաշարներ: Իսկ սա մեծ տնտեսական շրջանառություն է, մեծ թվով աշխատատեղերի բացում Գեղարքունիքի մարզում՛՛,- ասաց նա: