Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահների կողմից շնորհավորանք չստանալու մասին
«Դրանք միջպետական հարաբերությունների դաշտում են, և չեմ կարծում, որ ճիշտ է նույն հարթության մեջ դնելը երկու հարցերը»,-այսօր Արցախում ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե իրեն շնորհավորել են ԵՄ և ՌԴ պաշտոնյաները, սակայն ոչ ՀՀ նախկին նախագահները:
Նա նշեց, որ քիչ առաջ հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահ, ՊԲ հրամանատարի հետ, զրուցել է նրանց հետ, ստացել անհրաժեշտ տեղեկություններ ու պայմանավորվել, թե ինչ քայլերով են գնալու առաջ: «Մենք բոլորս համոզված ենք, որ մեր համագործակցությունը կլինի արդյունավետ»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է իր հայտարարությանը, թե ամեն ջանք գործադրելու է, որ ԼՂՀ-ն վերադարձնի բանակցային սեղանի շուրջ, ապա վարչապետ Փաշինյանն ընդգծեց. «Պետք է հստակ պատասխանել մի հարցի՝ մենք ուզում ենք լուծել Ղարաբաղի հարցը, թե ոչ, Ադրբեջանը դա ցանկանում է, ուրեմն անտրամաբանական է, որ այդ հարցը քննարկվում է մի ֆորմատով, որով չի կարող լուծվել, երբ առանցքային մասնակիցներից մեկը բանակցային դաշտում չէ, սա էմոցիաների խնդիր չէ, սա պրագմատիկ խնդիր է»: