25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թավշյա հեղափոխությունից ակնկալիքները

Հայաստանում ամենաազդեցիկ սոցիալական հարթակում՝ Ֆեյսբուքում, օգտատերերի տրամադրություններն ուսումնասիրելու համար սոցցանցի տիրույթում Հանրային լրագրության ակումբն անցկացրել է online հարցում։ Հարցման նպատակն է եղել պարզել, թե հայաստանցի օգտատերերն ինչպե՞ս են գնահատում ու ի՞նչ ակնկալիքներ ունեն Թավշյա հեղափոխությունից:

Հարցումն անցկացվել է ապրիլի 25-ից  30-ը ընկած քաղաքական գերակտիվ ժամանակահատվածում։

Հարցման համար նախատեսված վիրտուալ հարթակ այցելած 4450 օգտատերերից դիրքորոշում է հայտնել 41%-ը՝ 2228 օգտատեր։ Մասնակից օգտատերերի 90% -ը Հայաստանից են։ Մասնակիցները պատասխանել են հետևյալ հարցին՝

Ապրիլի 13-ից Հայաստանում մեկնարկած քաղաքացիական անհնազանդության ու բողոքի գործողությունները՝ Թավշյա հեղափոխությունը, ավելի շատ`

  • Դրական, արմատական փոփոխությունների հնարավորություն է

  • Ավտորիտար վարչակարգի ապամոնտաժման փորձ է

  • Ժողովրդավարական արժեքների ամրապնդում է

  • Սպառնալիք է սահմանադրական կարգին

  • Քաղաքական համակարգի առողջացում է

  • Սպառնալիք է երկրի անվտանգությանը

  • Պայքար է միայն իշխանության գալու համար

Մասնակիցների գերակշիռ մեծամասնությունը՝ 65.6% -ը (1462 օգտատեր) համարում է, որ Թավշյա հեղափոխությունը «Դրական, արմատական փոփոխությունների հնարավորություն է տալիս»: Թավշյա հեղափոխությունից դրական ակնկալիքների սպեկտրում կարող ենք տեղավորել նաև «Ժողովրդավարական արժեքների ամրապնդում է» (9.3%, 208 քվե), «Քաղաքական համակարգի առողջացում է» (7.6%, 169 քվե), «Ավտորիտար վարչակարգի ապամոնտաժման փորձ է» (6.2 %, 138 քվե):

Հանրագումարում քվեարկությանը մասնակցած օգտատերերի շուրջ 89%-ը դրական սպասումներ ունի Թավշյա հեղափոխությունից:

Հարցմանը մասնակից օգտատերերի 8.6% -ը (191 օգտատեր) համարում է, որ Թավշյա հեղափոխությունը «Պայքար է միայն իշխանության գալու համար»: Շատ ավելի քիչ են այն օգտատերերը, ովքեր կարծում են, որ սույն գործընթացները սպառնալիք են երկրի անվտանգությանը՝ 2.4% (54 քվե) և սպառնալիք են սահմանադրական կարգին՝ 0.3% (6 քվե)։

Մեծ սպասումների հնարավոր պատճառները

Թավշյա հեղափոխությունից արմատական փոփոխությունների ակնկալիքները պայմանավորված են տասնամյակներ շարունակ կուտակված ու կոնսերվացված մեծ ու փոքր սպասումները արտահայտելու հնարավորությամբ։ Տարիներ շարունակ ՀՀ քաղաքացիները, օտարված լինելով իշխանությունից, «իշխանության աղբյուրը ժողովուրդն է» բանաձևը չի գործել։ Նման իրավիճակում հասարակությունը մեծ ու արմատական փոփոխությունների ակնկալիքներ չի ունեցել։

Սակայն Թավշյա հեղափոխությունը կատարեց մի կարևոր գործառույթ, այն է՝ քաղաքացուն օբյեկտից վերածեց սուբյեկտի։ Թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմադիր ուժերը տասնամյակներ շարունակ քաղաքացուն դիտարկել են բացառապես քաղաքական գործընթացների օբյեկտի կարգավիճակում, ով պետք է առաջնորդվի հարթակից իջեցված հրահանգներով։ Սակայն ապրիլ-մայիսյան զանգվածային անհնազանդության դրսևորումները քաղաքացուն հնարավորություն ընձեռնեցին իրեն զգալ կարևոր, նախաձեռնող, կազմակերպիչ, որոշում կայացնող։

Սերժ Սարգսյանի իշխանության փլուզման ու մայիսի 8-ի իշխանափոխության գործում մեծ էր ոչ միայն ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի դերակատարությունը, այլ նաև անկյունաքարային նշանակություն ունեցան օբյեկտից սուբյեկտի վերածված հայ հասարակության գործողություններն ու վարքագիծը։

Իշխանափոխության գործում սուբյեկտի կարգավիճակում մասնակցություն ունեցած և գործնականում «իշխանության աղբյուրը ժողովուրդն է» բանաձևը կյանքի կոչած հասարակությունը, բնականաբար, մի քանի անգամ ավելի մեծ սպասելիքներ պետք է ունենա, քան այն դեպքում, երբ իշխանությանն իրենից օտարված է համարում։

Հարցման մասին մանրամասներ

Հարցումն անցկացվել է ապրիլի 25-30 ընկած ժամանակահատվածում։

Հարցումը տեղադրված է եղել ՀԼԱ-ի Մեդիա կենտրոն նախաձեռնության ավելի քան 6500 հետևորդ ունեցող ֆեյսբուքյան էջում ու հանրության լայն ներգրավվածությունն ապահովելու համար օգտագործվել է վճարովի գովազդի հնարավորությունը։ Գովազդի միջոցով թիրախավորվել են Հայաստանում ապրող 18-ը լրացած բոլոր օգտատերերը՝ երկրի բոլոր մարզերից։ Հարցման լեզուն հայերենն է։

Հարցման համար նախատեսված վիրտուալ հարթակ այցելած 4450 օգտատերերից դիրքորոշում է հայտնել 42%-ը՝ 2228 օգտատեր։ Մասնակից օգտատերերի 90 % -ը Հայաստանից են,  3․9%-ը՝ Ռուսաստանից, 1․6%-ը՝ ԱՄՆ-ից, 5․1%-ը հիմնականում այն երկրներից են, որտեղ բնակվում են մեծ թվով հայեր՝ Վրաստան, Բելգիա, Շվեդիա, Ֆրանսիա, Կանադա, Լեհաստան, Միացյալ Թագավորություն, Իսպանիա, Հունաստան, Ավստրիա և Միացյալ Էմիրություններ։

Հարցման մասնակիցների արտահայտած  դիրքորոշումը գաղտնի է և հրապարակման ենթակա չէ։

Մասնակիցները հարցմանը մասնակցել են անանուն տարբերակով՝ առանց բացահայտելու ինքնությունը։

«Հանրային հարցումներ առցանց տիրույթում» ծրագիրն իրականացնում է Հանրային լրագրության ակումբ հասարակական կազմակերպությունը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ