25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շուշիի ազատագրումից առաջ երազիս մեջ հայտնվեցի Ղազանչեցոց եկեղեցում

Ամենեւին պատահական չէր, որ Նազարեթ քահանան եկեղեցապահ Անդրանիկին ու նրա ընկերներին Սուրբ Սարգիս զորավարի ուխտատեղիում, երբ աղբյուրի ջրով մկրտեց, մկրտեց նաեւ Խաչով ու Սրով։ Որովհետեւ թե Հին եւ թե Նոր կտակարանները պատվիրան պահողներին նաեւ սրով պահպանություն է վերապահում ազգի, ազգային սրբությունների, ազգային արժեքների համար, որ Տիրոջով եղան։ «Իմ Ավետարանը ինձ է պահպանում, ես էլ իմ սրով պահպանում եմ իմ Ավետարանը»ասել է Զորավար Անդրանիկը։

Եվ ամենեւին պատահական չէր, որ քահանայի որդի եւ քահանայի թոռ Նժդեհը եղավ «Վարդանանց նման մտածելու, պատերազմելու» քարոզիչ, երբ Վարդանանք մեր ազգի մեջ սրբեր են եւ առավել Աստվածապաշտ ու եկեղեցապահ լինելու իրավական խորհրդանիշն ունեն։ 

ԱՍԵԼԻՔՍ ԱՅՆ Է, ՈՐ ԱՍՏԾՈ ԵԿԵՂԵՑԻՆ Է, ՈՐ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐ ԵՒ ԸՆՏԻՐ ԶՈՐԱՎԱՐՆԵՐ Է ԾՆՈՒՄ։ Քանի որ Աստված է կարող սքանչելի հաղթության զորություն շնորհել իր ընտրյալ անոթներին։

Արարիչ Աստծո զորությամբ լցված Սամփսոնը՝ մեն մենակ՝ բանակներ էր կոտորում։ Տասներկուամյա Դավիթը ոտաբոբիկ եւ մեն մի պարսատիկով ելավ մինչ ատամները սպառազեն հսկա Գողիաթի դեմ, սակայն բանն այն է, որ Հավերժ Կենդանի Աստծո՛վ ելավ եւ Աստվածահայոյ հսկային պատասխանեց. «Ես մենակ չեմ, այլ իմ Աստծո զորությամբ եմ գալիս քեզ վրա…ասաց եւ… պարսատիկից արձակած քարը մեխեց հսկայի ճակատի ճիշտ մեջտեղում» եւ մանուկն Աստծով սպանեց ահռելի հսկա գազանին։ «Թեկուզ բանակներ էլ ելնեն իմ դեմ, սիրտս չի վախենա, քանի որ ինձ հետ ես, Տե՛ր» հետագայում խոստովանեց Դավիթն իր սաղմոսարանում։

Եվ ամենեւին էլ պատահական չէր, որ Շուշվա Խաչ Պատերազմին քահանայի զարմ էր ղեկավարում՝ գեներալ Արկադի Տեր Թադեւոսյանը, որ սակավ բանակով, բայց զորությամբ Աստծո սքանչելիորեն ազատագրեց մեր Շուշին։ 

-Շուշիի ազատագրումից առաջ Աստծո հետ կապված որեւէ հայտնություն ունեցե՞լ եք, հարցրեցի գեներալին։ 

-Ես քահանայի թոռ եմ, ինձ համար նվիրական են անգամ ավերակ եկեղեցիները։ Եվ երազիս մեջ հաճախ եկեղեցիներ եմ տեսնում։ Բացի այդ մի ալբոմ ունեմ, ուր եկեղեցիների նկարներ են։ Հաճախ եմ թերթում։ Մինչեւ Շուշիի ազատագրումն՝ այնտեղ չեմ եղել։ Նկարով էի ճանաչում Կանաչ ժամն ու Ղազանչեցոց եկեղեցին։ Չէի էլ պատկերացնում, որ Ղազանչեցոց եկեղեցին այդպիսի մեծ զորություն ունենար։ Ազատագրումից առաջ երազիս մեջ այդ զորությամբ հայտնվեցի Ղազանչեցոց եկեղեցում։ Երբ ազատագրեցինք, տեսա ու ճանաչեցի. ահա ա՛յստեղ էր, որ Աստված երազում ինձ բերեց, պատասխանեց գեներալը։ 

Պատահական բան չէ։ Որքան էլ աշխարհիկ քաղաքականությունները պնդեն թե պատերազմը հավատի հետ կապ չուներ, բայց մենք մեր պատմությունից եւ Սուրբ Գրքից գիտենք, որ Աստծո՛վ են բոլոր հաղթանակները։ Որ այս դեպքում եկեղեցիների եւ հատկապես Շուշիի եկեղեցու երեւումով է ի հայտ եղել՝ Աստծո սիրո եւ զորության ներկայությունն ու գոտեւորումը խորհրդանշելով։ 
Հարձակումից առաջ Արկադին փոքրաթիվ իր բանակը, ինչպես նախորդ գլխում տեսանք, զինեց նաեւ Խաչի՛ նշանով, որ Աստծո՛ այս աշխարհի վրա հաղթության Խորհրդանիշն է։

Եվ երկնքից տրված ավանդույթ Տիրոջից, որպեսզի քրիստոնյաներս պատերազմի ելնենք մե՛ր Տիրոջ նշանով։ Ըստ քրիստոնեական այս արդար ավանդույթի՝ Արկադին իր փոքրաթիվ բանակը Խաչի նշանով զինելով հարձակվեց գերավար Շուշի քաղաքի վրա եւ ազատագրեց անառիկ մեր Շուշին։

«Շուշվա հաղթանակը հայ ազատագրական պայքարի ծաղիկն է», հայտարարեց Սպարապետ Վազգեն Սարգսյանը։ Եվ Շուշիի սքանչելի ազատագրման համար գեներալին իշխանությունը Ազգային հերոսի կոչում շնորհեց, իսկ ժողովուրդն իր սիրելի հերոսին անվանեց «Կենդանի լեգենդ», «Կոմանդոս», ասել ուզելով, որ քահանայի շառավիղը հրամանատար եղավ մարդկանց համար արտասովոր ու մշտահաղթ նախախնամությամբ՝ Խաչով եւ Սրով սքանչելի հաղթանակի։ Այսինքն, ժողովուրդն ասաց ճշմարտությունը, որ Արկադի Տեր Թադեւոսյանը հաղթող հրամանատար եղավ ՁԵՌԱՄԲ ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅԱՆ, որ Օրհնյա՛լ է հավիտյանս: Ամեն:

Մաքսիմ Ոսկանյան. «Արցախյան վկայություններ»

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ