Արմեն Սարգսյանը հանդիպել է նախագահական նստավայրի մոտ բողոքող նաիրիտցիներին
Հանրապետության Նախագահի նստավայրի դիմաց մայիսի 7-ին բողոքի ակցիա անցկացրեցին «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները: Ի զարմանս նրանց, անակնկալ ձեւով հանդիպման դուրս եկավ անձամբ Նախագահ Արմեն Սարգսյանը:
Ջերմ ու անմիջական մթնոլորտում նաիրիտցիները ներկայացրեցին իրենց մտահոգությունները, տարիներ շարունակ անարձագանք մնացած խնդիրները, որոնք լուծում չեն ստանում ինչպես կառավարությունում, այնպես էլ դատական համակարգում: Գործարանի նախկին աշխատակիցների փաստաբանը ներկայացրեց դատական նիստերի հետ կապված դժգոհություններն ու բողոքները:
Նախագահ Սարգսյանն ուշադիր լսեց նաիրիտցիներին եւ խոստացավ Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակում անդրադառնալ նրանց բարձրացրած խնդիրներին, դրանք քննարկել բարձրագույն դատական համակարգի ղեկավարության հետ:
Նախագահի հանդիպումը նստավայրի մոտ չսահմանափակվեց միայն նաիրիտցիների հետ զրույցով: Երեւանի նախակրթարաններից մեկի սաները, որոնք այդ պահին հաղթանակած վերադառնում էին սպորտային մրցույթից, հայտնվեցին Նախագահի ուշադրության կենտրոնում: Նրանց հաղթանակն առավել հիշարժան դարձավ երկրի ղեկավարի հետ հանդիպմամբ: Երեխաները ոգևորությամբ ծանոթացան Նախագահ Սարգսյանի հետ, պատմեցին իրենց մրցույթի մասին: Հանրապետության ղեկավարը խոստացավ մի օր հրավիրել նստավայր՝ պաղպաղակ հյուրասիրելու: Իսկ երեխաներից մեկը ջերմ զրույցն համեմեց իր մանկական անկեղծությամբ. «Մենք ցանկանում ենք ամեն օր հյուր գալ Ձեզ»,-ասաց նա: