Հակահրդեհային վարժանք «Ռիո մոլ» առևտրի կենտրոնում
ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հրամանով` շարունակվում են ուսումնավարժություններ անցկացվել հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում:
Մայիսի 4-ին հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք անցկացվեց Արաբկիր վարչական շրջանում գտնվող՝ հասցե Փափազյան 8, «Ռիո մոլ» առևտրաժամանցային կենտրոնում` «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և քաղաքացիների տարահանումը» թեմայով:
Ըստ ուսումնավարժանքի պլանի մտահղացման՝ հրդեհն առաջացել էր առևտրաժամանցային կենտրոնի սրահի միջնամասում, միացել էր հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգը, աշխատակիցների կողմից ձեռնարկվել են անձնակազմի և հաճախորդների տարհանման, ինչպես նաև` հրդեհի մարման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չէր հաջողվել և այն տարածվել է ամբողջ սրահով: Ծխապատ գոտում կային արգելափակված մարդիկ:
Դեպքի վայր ժամանելուց հետո հրշեջ-փրկարարների կողմից կատարվում է հետախուզություն, իրականացվում են որոնողափրկարարական, տարահանման և հրդեհաշիջման աշխատանքներ: Վարժանքին մասնակցում էին ԱԻՆ փրկարար ծառայության 6 մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Վարժանքի ընթացքում պարզվեց, որ առևտրաժամանցային կենտրոնն ունի բավական լավ հակահրդեհային ազդարարման և պաշտպանության համակարգ, տարհանման լայն ելքեր ու զինված է ժամանակակից տեխնոլոգիաներով: Այնուհանդերձ, հայտնաբերվեցին նաև որոշ թերություններ. մասնավորապես՝ առևտրի կենտրոնի անձնակազմը բավարար չափով չէր տիրապետում առաջին օգնության տրամադրման եղանակներին ու վարքականոններին: Կենտրոնի անվտանգության աշխտակիցները տեղեկացված չէին, որ հրդեհի դեպքում պետք է դիմավորել և ուղորդել հրշեջ մեքենաներին:
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցները պայմանավորվածություն ձեռք բերեցին առևտրի կենտրոնի ղեկավար կազմի հետ համատեղ աշխատել հայտնաբերված թերությունների շտկման ուղղությամբ:
Ուսումնավարժանքի նպատակն էր ստուգել «Ռիո մոլ» առևտրի կենտրոնի անձնակազմի և արձագանքող ուժերի պատրաստվածությունը հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս, ինչպես նաև կատարելագործել «Ռիո մոլ» առևտրի կենտրոնի անձնակազմի և արձագանքող ուժերի համագործակցությունը: