Քննչական կոմիտեում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Արտյոմի Գասպարյանի մահվան հանգամանքները:
2018թ. մայիսի 4-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում բերանի խոռոչի շրջանում ստացած հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Արտյոմի Գասպարյանը:
Վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:
Նշենք, որ ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը:
Պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՊՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ մայիսի 4-ին՝ ժամը 01.10-ին սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Արթուր Արտյոմի Գասպարյանի (ծնված 1998թ., 2017-1 զորակոչ, Նաիրիի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: