25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ են ուզում հայաստանցիները

Հավերժ մի հարց է սա: Հայաստանցիները շատ տարբեր են և, անկախ այն պնդումներից, թե «մի բուռ ազգ ենք», «հայը հային ցանկացած տեղ աչքերից կճանաչի», «հայու գենն է խոսում» և այլն, այս օրերի զանգվածային վարքի տարաբնույթ դրսևորումները կրկին անգամ ապացուցեցին, որ հայաստանցիներիս մեջ կան ոչ միայն բազում տարբերություններ, այլև լուրջ հակասություններ: Ինչու՞ է կարևոր հակասություններից խոսելը: Որովհետև դրանք պառակտում են հասարակությունը, բերում թշնամանքի, ապակայունացնում, երկիրը դարձնում թշնամու հարմար նշանակետը:

Կարևոր է հասկանալ, որ մերօրյա հակասությունները հայաստանցիների զանգվածային վարքում զուտ ավելի լավ և հստակ երևացին, սակայն ձևավորվել են ավելի վաղ, և որքան էլ դրա մեղքը չբարդենք ուրիշների` «թուրքերի», «Սովետական Միության», «Լևոնի», «Սերժի», «հանրապետականների», «ռեսուրսների սակավության», «վատ եղանակի» կամ այլոց և այլևայլքի վրա, իրավիճակը չի փոխվելու, մինչև ինքներս դա չցանկանանք:

Այսպես, այսօր երիտասարդների մի մասը դասադուլ է կանչում և գնում Հանրապետության հրապարակի ուղղությամբ, որտեղ մի մասը մնում է, մյուսներն էլ գնում են կողքի սրճարաններ, փողոցներ, երիտասարդների մի մասն էլ գալիս է դասերի, որոնցից ոմանք դասի են գալիս սովորելու, ոմանք` հասակակիցների հետ ծանոթանալու, ոմանք էլ` պարապ չմնալու համար… Սակայն, բոլորն էլ մերն են, բոլորն էլ մենք ենք:

Ցուցարարների մի մասը քաղաքներից է, մյուս մասը` մեծ (նախկինում) և փոքր գյուղերից: Քաղաքացիներն իրենց մայրաքաղաքի տեր են զգում և մասնակցում ցույցերին տանտիրոջ կարգավիճակով, գյուղացիները փորձում են Հանրապետության հրապարակում լինելով` վերջապես հնչեցնել, որ կան, որ սա նաև իրենց երկիրն է, մյուսներին հիշեցնել, թե ախր Վարդենիկ մի գյուղ կա, և այդ գյուղում ապրողներն ուզում են նույն իրավունքներ, նույն բարիքներ, նույն հնարավորություններ, ինչ երևանցիները: Իրոք, ոչ ոգ չի հասկանում, թե այդ ինչպե՞ս եղավ, որ մեր «մի բուռ ազգը» սեփական ձեռքով տարբերակումներ մտցրեց քաղաքացու և գյուղացու, գյուղացու և «գեղացու», քաղաքի «լավ տղու» և «վատ տղու», «հայի» և «ղարաբաղցու» միջև, սակայն նման տարբերակումներ ենք լսում և տեսնում ամեն քայլափոխին` ամեն տեսակ թափթփուկից և ոչ միայն: Թվում է թե հայրենակցու հանդեպ ինքնահաստատվելը սովորական է դարձել:

Հայ տղամարդիկ, որոնք դեռևս ակտիվորեն կարծում են, որ այս հասարակության տանող ուժն են (ինչն օբյեկտիվորեն վաղուց և շատ վիճելի է դարձել), որոշ ժամանակ առաջ նույնպես սկսել են տարբերակումներ մտցնել իրենց միջև, ինչպես նաև դասակարգել հայ կանանց` որպես «ընԳեր», «ընկերուհի», «ախպեր», «սիրուհի», «լավ աղջիկ» և այլն, իսկ իրենք իրենց` որպես «ճիշտ» և «ճշտով» տղա, «ախպեր», «ազիզ», «բռատ», և այլն: Ընդ որում, հայ տղամարդը հայ կնոջը կարող է «քաձ» անվանել և դրանով հանդերձ ինքն իրեն «լավ տղա» համարել: Փողոցային քֆուրներով խոսելը դարձել է «լավ տղու» արտաքին դրևորումներից մեկը, իսկ մյուսին վիճաբանությամբ սեփական «ճշտի» պարտադրումն ու ծեծկրտութը` որպես հարցերի կարգավորման տարածված մեթոդը:

Միևնույն ժամանակ, զարմանում ենք, թե այդ ինչու՞ երկու հայ տղամարդ` Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը, ունենալով սեփական աշխատանքային և անձնական փորձն, ինչպես նաև հայրենասիրության մասին սեփական պատկերացումներն ու Հայաստանի ապագայի մասին բացատրելի մտավախություններ, չկարողացան Հայաստանի կարևորագույն հիմնախնդիրների մասին մի քանի րոպեից ավել խոսել, չկարողացան անգամ միմյանց և հասարակությանը սեփական դիրքորոշումն այնպես հասցնել, որպեսզի այն ծրագրային բնույթ ստանա և հեռանկարային հնչի:

Համոզված եմ. և’ «լավ», և’ «վատ» տղերքը, և’ երիտասարդների տարաբնույթ բազմազանությունն ու ոչ այնքան երիտասարդները, և «դիմությունն» ու «ընդդիմությունը» նույն բանն են ուզում. երջանիկ ապրել, սակայն այդ գերնպատակին հասնելու համար յուրաքանչյուրն իր տեսլականն ունի: Հայաստանցիներից ոմանց համար Հայաստան աշխարհն ուհայժողովուրդնայդ նպատակին հասնելու համար զուտ միջոցն են, ոմանց համար էլ`անձնական երջանկության կարևոր բաղկացուցիչը: Ուստի ինչպե՞ս անել, որ չկորցնելով փաքրաթիվ մեր ազգի ոչ այս, ոչ էլ այն մասը` համահարթեցնել բոլորիս ջանքերն ու ստանալ բոլորի համար այդքան ցանկալի ևերազած արդյունքը:

Նախևառաջ հասկանանք, որ ոչինչ չտալով` ոչինչ չես կարող ակնկալել` ոչ Աստծուց, ոչ էլ մարդկանցից: Կարելի է, իհարկե, երկար ժամանակ շահագործել քրիստոնյա լինելը` երկնքից ակնկալելու բարի վերաբերմունք, հայ լինելը` ազգակիցներից աջակցություն և ըմբռնում ստանալու, անգամ եթե արածներս անհնար է ընմռնել ոչ իրավական, ոչ բարոյական և ոչ էլ` այլ վարքուկանոններով:

Այսօր մեր համաքաղաքացիներն ակտիվորեն զարմանք և զայրույթ են հայտնում փակ համարանիշներով մեքենաներով իրականացվող կամայականությունների հանդեպ ոստիկանության պասիվ վարքի վերաբերյալ, սակայն կարծես թե չեն ուզում նկատել, որ ոստիկանության ներկայացուցիչների հետ տասնամյակներ շարունակ անհարգալից խոսելով, խորհրդառուսական քրեական ավանդույթի համաձայն ոստիկանին «աղբ» անվանելով, իսկ այս օրերին իրենց հետ ակնհայտորեն բախվելով ու իրենց աշխատանքն ուղղակիորեն խափանելով` կոտրել ենք այն մեխանիզմը, որը ստեղծված էր պաշտպանելու մեր շահերը: Իհարկե, ցանկացած մեխանիզմ ունի իր թերությունները, որոնց շտկումը յուրաքանչյուր քաղաքացու և իրավունքն է, և պարտականություն: Սակայն մեքենայի մեջ բենզին չլցնելով` այն չես կարող քշել: Պետական համակարգին աջակցություն չցուցաբերելով` չես կարող դրանից արդյունավետ աշխատանք պահանջել:

Հայաստանցիներս հաճախ զարմանում են, թե այդ ինչու՞ են աղտոտված մեր փողոցները, այդ որտեղի՞ց են առաջանում փողոցներում դատարկ պլաստմասե շշեր, ծխախոտի մնացորդներ, այդ ինչու՞են Երենի կենտրոնում բուն դրել երևանցիներից ավելի մեծ թվերի հասնող ագռավները: Պատզ ճշմարտություն է. մաքուր քաղաքներ ունենալու համար դրանք պետք է ոչ միայն մաքրել(պետական համակարգի պարտավորությունը), այլ առաջին հերթին չաղտոտել(քաղաքացիներ):

Այսօր հեղափոխական մթնոլորտում ցանկացած անձ բեմից պատրաստ է կարգախոսներ հնչեցնել, իսկ հրապարակից` արձագանքել: Փառք Աստծո` մեզանում կրկին անգամ երկխոսություն ծավալվեց, հայը հային լսեց: Սակայն, բավական է այդ խոսողներին և արձագանքողներին պաշտոններ զբաղեցնել, և անմիջապես կսկսվի արդեն իսկ նշված դասակարգումը` «լավերի» և «վատների», «ճիշտ» և «սխալ» հայաստանցիների, ու համապատասխանաբար «լավերը» կլսեն միայն «լավերին», իսկ «վատերն» ամեն ինչ կանեն ապացուցելու, որ այնքան էլ «վատը» չեն: Ով է դրանում մեղավոր` Սերժ Սարգսյա՞նը: Հավանաբար` ոչ: Թուրքե՞րը: Ոչ: Վատ եղանա՞կը: Բնավ: Խնդիրն առաջնորդելու և առաջնորդների արտադրման այն մեթոդներն են, որոնք բխում են մեր մտածելակերպից և վաղուց արդեն մեզ համար դժվարություններ են ստեղծում:

Հիշում եմ, դեռ խորհրդային տարիներին, Սովետական Միության այլ հանրապետություններից մեր բարեկամ-ընկերներն էին մեզ այցելում ու հաճախ զարմանքով հարցնում. «այդ ինչու՞են մարդիք գետնին թքում», «այդ ինչու՞խանութում չեն վերադարձնում դրամի մանրը», «տեղեկանք վերցնելուց  ինչու՞ են իրենցից ոչինչ չներկայացնող մարդիկ վրադ մունաթ գալիս», «ինչու՞խանութում չես կարողվաճառողից խնդրել վաճառել ոչ թե ամբողջ հացը, այլ դրա կեսը», և այլն: Խորհրդային Միությունում օրենքները նույնն էին բոլորի համար, բայց արի ու տես` հայերիս արևային ջերմության և հյուրընկալության, բաց հոգու, աշխատասիրության հետ մեկտեղ ինքներս հանդուրժում էինք մեր միջի վատը, թույլ էինք տալիս, որպեսզի մեր «վերնախավը» ձևավորվի ոչ միայն բժիշկներից, մշակույթի գործիչներից, այլ նաև «բուֆետչիկներից», «պահեստապետերից», «ցեխավիկներից», «վետերոկի դիրեկտորից»… Ինքներս էինք կաշառում գրախանութի տնօրենին` Թումանյանի հեքիաթների ժողովածուն «սեղանի տակից» գնելու համար (այլ կերպ դժվար էր), ճանաչելի դարձնում և ճանաչում քրեական հեղինակություններին, իրենցդիմում տարբեր խնդրանքներով, նպաստում իրենց առաջխաղացմանը: Եվ երբ այսօր պայքարում ենք «Սերժի» և «հանրապետականների» դեմ, համոզված եմ` գիտակցորեն կամ ենթագիտակցորեն նկատի ունենք հայաստանյան քաղաքական էլիտայի այն հավաքական կերպարը, որ ներառում է նախկին և ներկայիս բուֆետչիկներին, կիսաքրեական օլիգարխներին, սեփական ժողովրդին Թումանյանի հեքիաթները կրկնակի գնով վերավաճառողներին: Ապա ինչու՞հենց այդպես չանվանենք երևույթները, դեռ վախենու՞մ ենք, որ մեր մեջ էլ դրանք կան, կամ որ ինքներս էլ ապագայում կուզենանք այդպիսին դառնալ: Ուրեմն, եթե ուզում ենք իրոք լավ ապրել, սկսենք լավն ու վատն իրոք տարբերակել:

Երկրորդը, ինչ անհրաժեշտ է անել. պետք է ձերբազատվել հեղինակություններից: Ցանկացած հեղինակություն մեր մտածելակերպում, միջավայրում, ինչպես նաև հեղինակության կուռքի` սեփական ձեռքերով ստեղծելն ու հետագայում պաշտելը ժամանակի ընթացքում ձևավորում են անստուգելիության, անպատասխանատվության, անվերահսկելիության նախապայմաններ, որոնցում անգամ ամենաարժանի և արժեքավոր մարդը միտում կունենա դառնալու հերթական Վիշապը` հին չինական հեքիաթի հերոսի պես: Կարևոր է ոչ թե այն, ինչ կոչումներ ունի բժիշկը, այլ ինչպես է նա վերաբերում և բուժում հիվանդներին, ոչ թե այն, ինչ կուսակցությունից է տվյալ անձնավորությունը, այլ որքանով է իր գործունեությամբ նպաստում պետության պաշտպանվածությանն ու զարգացմանը: Պետք է այլոց հետ հարաբերություններում մշտապես մտքում պահենք և կարևորենք ոչ թե այն, թե ՈՎ է ասում կամ անում, այլ այն, թե ԻՆՉ և ԻՆՉՊԵՍ են ասում և անում: Պետք է շքանշաններ բաժանել, աշխատավարձ բարձրացնել, աջակցություն ցուցաբերել և ԶԼՄ-ներով լուսաբանել. անպայման, մարդիկ դա սիրում են, դա խթանում է մարդու գործունեությունը: Սակայն, պետք է տալ, շնորհել, մեծարել ոչ թե անձանց, այլ գործունեության և կենսակերպի այն տեսակները, որոնք մեծարելու, հպարտանալու և աջակցելու տեղիք են տալիս, որոնք ունեն հանրային արժեք:

Իհարկե, հասկանալի է հայերիս` ոչ միայն ազգի, այլ նաև յուրաքանչյուրիս եզակիությունն ընդգծելու փոքր-ինչ հիվանդագին մոլուցքը: Յուրաքանչյուր ծնող գտնում և անգամ համոզված է, որ հենց իր երեխան է ամենատաղանդավորը, անգամ եթե վատ է սովորում, սպորտով չի զբաղվում, անազնիվ է և ծույլ: Սակայն, եկեք օբյեկտիվ լինենք և հասկանանք, որ եթե իրոք ուզում ենք, որ մեր երեխան լինի խելացի, ակտիվ, ազնիվ և ուժեղ, պետք է իրեն օգնենք այդպիսին դառնալու գործում, և ոչ թե անհիմն մեծարենք` իբրև անվերապահ սիրո դրսևորում: Նույն կերպով, եթե ուզում ենք մեր երկիրը շեն տեսնել, այն պետք է շենացնենք` անգամ պայմանականորեն մոռանալով, որ հնում «ծովից ծով» էինք ու հզոր թագավորներ ունեինք: Նախկինում շատերն էին ծովից ծով, շատերն ունեին հզոր թագավորներ, սակայն այդ նախկինից ոմանց մոտ ոչինչ չի մնացել: Ազգային որակները պետք է ապացուցել ոչ միայն պատմության դասագրքերով, այլ ներկայով:

Ընդհանրապես, հերիք է տրվել անցյալին: Ժամանակակից ամերիկացի հեղինակներից մեկն արդարացիորեն ասել է. «Այն ազգը, որ մշտապես մտածում և խոսում է անցյալի մասին, ապագա չունի»: Հիշենք այդ խոսքերը` չմոռանալով մեր պատմությունը, դրանից դասեր քաղելով:

Եվ, վերջապես, եթե ԻՐՈՔ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ԼԱՎ ԱՊՐԵԼ, եկեք մտածենք նաև ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ մասին: Արևելքում վստահությունը մարդկանց և ժողովուրդների միջև հարաբերությունների բանալին է, Արևմուտքում` տնտեսական զարգացման գործիքներից մեկն ու հասարակական հարաբերությունների մշակույթը, Կովկասում` հարգանքի հիմքը, արդի Հայաստանում` գրեթե դատարկ հասկացություն: Մարդիկ միմյանց «եղբայր» են անվանում, խոսքում պատրաստ են ամեն մեկի «ցավը տանել», սակայն իրականում վաղուց արժեզրկել են այս խոսքերի իմաստն ու նախընտրում են միմյանց հետ գործ չունենալ: Յուրաքանչյուրիս առօրյա և մասնագիտական փորձում, համոզված եմ, բազում են փաստեր, երբ այս կամ այն պատճառաբանմամբ խախտվել են պայմանավորվածություններ, չեն կատարվել խոստումներ, չեն ասվել ճշմարիտ խոսքեր: Այս ամենը, իհարկե, յուրաքանչյուր հասարակության մեջ առկա է, սակայն մեզանում է, որ համառորեն չի ընդունվում որպես սխալ, անարդյունավետ, անազնիվ մոտեցում: Դարձյալ, որտեղ ձեռնտում է, աշխատեցնում ենք մեր փոքր-ինչ ուռճացված ինքնասիրությունը, չենք հասկանում, որ ինքնասիրությունը ձևավորվում է որ թե սեփական անձի հանդեպ սիրահարվածությունից, այլ այլոց կողմից քո արարքների հանդեպ պատկերացումներից:

Ուրեմն, հավանաբար պետք է մերժել հենց մեր միջի «Սերժին», վերջապես աշխատացնել մեր տաղանդավոր ուղեղն ու հասկանալ, որ մենք ենք ծնում մեր առաջնորդներին, մենք ենք հանդուրժում մեր միջի վատը, ու ինքներս վաղուց մոլորվել ենք մեր չափազանցեցված ինքնասիրության, ինքնագովեստի և միևնույն ժամանակ մշտական տառապանքների անտառում: Ուրեմն «Քայլ արա` դարձիր բարի», «քայլ արա` սիրով ապրիր», «քայլ արա` ազնիվ եղիր». սրանք պետք է դառնան մեր կենսակերպի, մեր ինքնավերահսկողության և փոխհարաբերությունների կարգախոսները, իսկ իշխանափոխությունը զուտ առիթ է` մեզ կողքից նայելու:

Արթուր Աթանեսյան

Երևանի պետական համալսարանի Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ