Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պատվիրակությանը
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը ապրիլի 20-ին ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ ԻշխանԿարապետյանի գլխավորած պատվիրակությանը:
Պետական նախարարը կարևորել է ՀՀ և ԱՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունների համագործակցության սերտացումը և նշել, որ ոլորտում անելիքները շատ են: Ա. Հարությունյանի խոսքով՝ ՀՀ-ումկատարվող բոլոր բարեփոխումները պետք է զուգահեռաբար իրականացնել նաև Արցախում: Այդ առումով, նա հորդորել է հյուրերին փոխգործակցության շրջանակում Արցախի գործընկերներին աջակցել ինչպեսմասնագիտական, այնպես էլ տեխնիկական հարցերում:
«Սննդի անվտանգության ապահովումը կառավարության կարևոր խնդիրներից մեկն է, և մենք շահագրգռված ենք, որ թե ՛ տեղական արտադրության և թե՛ ներմուծվող սննդամթերքի որակը համապատասխանի միջազգայինչափանիշներին: Այն կարևոր նախապայման է ոչ միայն մեր բնակչությանը առողջ և որակյալ սնունդ ապահովելու տեսանկյունից, այլև արտահանման գործում մրցունակ և պահանջված լինելու առումով»,- ասել է Ա. Հարությունյանը:
Շնորհակալություն հայտնելով Ա. Հարությունյանին ջերմ ընդունելության համար՝ Ի. Կարապետյանը նշել է, որ աշխատանքային այցի նպատակն է իրենց գործընկերների հետ քննարկել առկա խնդիրները, իրականացվողծրագրերը և համատեղ անելիքները: Նա իր պատրաստակամությունն է հայտնել գործադրելու բոլոր ջանքերը ակտիվ փոխգործակցության և համադրված աշխատանքի կազմակերպման համար: Անդրադառնալով նախանշվածծրագրերին՝ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետը ընդգծել է պարտադիր սպանդանոցային մորթին անցումը, որի իրականացումն Արցախում կառաջարկվի փուլային եղանակով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սննդամթերքի անվտանգության և հսկողության համակարգերի զարգացմանը, ինչպես նաև ռիսկերի գնահատման մոդելի ներդրմանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը և ԱՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Համլետ Ապրեսյանը: