24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը՝ ռիսկային առաջին խմբում. Վաշինգտոնը Երեւանի համար բացառություն չի անի. Ժամանակ

ԱՄՆ պետդեպարտամենտում հայտարարել են անհապաղ պատժիչ միջոցներ ձեռնարկելու մասին այն անձանց և երկրների դեմ, որոնք կխախտեն ՌԴ-ի դեմ գործող պատժամիջոցները. նշվում է, որ այն խախտած ցանկացած պետության դեմ «առանց տատանվելու պատժամիջոցներ կսահմանեն»։

«Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների մասին նախապես չի հայտնում և իր հնարավոր գործողությունների վերաբերյալ մեկնաբանություններ չի տալիս»,- հայտնել են գերատեսչությունում։

Հիշեցնենք, որ ՌԴ-ի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին օրենքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է անցյալ տարվա օգոստոսին։

Համաձայն դրա՝ ՌԴ-ի պաշտպանական-արդյունաբերական համալիրների հաճախորդների դեմ սահմանափակումներ կսահմանվեն խոշոր պայմանագրեր կնքելու պարագայում։

Բացի դրանից՝ ապրիլի 6-ին ֆինանսների նախարարությունը 38 ռուս գործարարների, պաշտոնական անձանց և ընկերությունների դեմ պատժամիջոցներ է սահմանել։

Ամերիկագետ Արեգ Գալստյանի կարծիքով՝ Թրամփի թարմացրած վարչակազմը հիմնականում նեոկոնսերվանտներից է բաղկացած, իսկ նրանք բավականին պարզ արտաքին քաղաքականություն են վարում. «ԱՄՆ-ն ունի բարեկամներ ու թշնամիներ։ Այսինքն՝ եթե դեմոկրատները կարող են մի փոքր հասկանալ որոշ երկրների իրավիճակը, ապա այժմյան վարչակազմը դժվար թե այդպիսին լինի, դժվար թե նրանք հասկանան Հայաստանին այնպես, ինչպես նախկին վարչակազմը։

Այժմ խաղադրույքները բավականին բարձր են, պատժամիջոցների փաթեթը բավականին լուրջ, և, անկասկած, Միացյալ Նահանգները Հայաստանի համար բացառություններ չի անի։ Եթե անհրաժեշտ լինի պատժամիջոցներ սահմանել, ապա դա կարվի անկախ նրանից, թե ինչպես պաշտոնական Երևանը կբացատրի Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը»,-  ասաց Գալստյանը։

Նրա կարծիքով՝ միայն Վաշինգտոնի հայկական լոբբին կարող է որոշ չափով հավասարակշռել այդ դիրքորոշումը, բայց, ցավոք սրտի, այսօր հայկական լոբբին օբյեկտիվորեն ի վիճակի չէ նման հարցերով զբաղվել. «Նրանք այսօր բացարձակ որևէ ազդեցություն չունեն Սպիտակ տան վրա, Սենատում նրանց դիրքերը բավականին թույլ են։ Հիմնականում հայկական լոբբին կենտրոնացած է միջազգային հարցերով կոմիտեում տարվող աշխատանքների վրա, բայց այսօր այդ կոմիտեն քաղաքական լուրջ որոշումների վրա ազդել չի կարողանում։

Այսինքն՝ ԱՄՆ-ում չկա այնպիսի մի ուժ, որը կարող է ամերիկացիներին բացատրել Հայաստանի բարդ իրավիճակը։ Եվ գումարած, եթե հաշվի առնենք ադրբեջանական ու թուրքական լոբբիի աշխատանքը՝ իրավիճակը Հայաստանի կողմը չէ։ Հայաստանը հնարավոր հարվածից խուսափել չի կարողանա»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի դիտարկմամբ՝ Հայաստանը ռիսկային առաջին խմբում է. «Ռուսաստանի հետ Հայաստանի կապերի խորությունն ու բազմազանությունը ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ։ Դրա մասին մասնավորպես զենքի առումով արդեն իսկ եղել է նախազգուշացում։ Պուտինի մերձավոր բիզնեսմենների նկատմամբ հայտարարված պատժամիջոցները ևս վտանգ են ներկայացնում, որովհետև այդ մարդիկ շահեր ունեն Հայաստանում, նրանցից ոմանք մոնոպոլ դիրքեր ունեն, ընդ որում այնպիսի դիրքեր, որոնք նաև քաղաքական կոնյուկտուրայի վրա ազդեցություն ունեն։ Հետևապես՝ Հայաստանը ռիսկի առաջին խմբում է ու անելիք ունի իր հետագա քայլերը կոորդինացնելու համար, որպեսզի ինքն էլ չհայտնվի պատժամիջոցների տակ»,- ասաց Մեհրաբյանը։

Թերթի զրուցակիցը հավելում է. «Հայաստանը պետք է մշտական կոնսուլտացիաների ռեժիմ հաստատի և՛ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, կարծում եմ՝ ԵՄ-ը կերկրորդի այս պատժամիջոցներին։

Հնարավորություններ, անշուշտ կան, մենք տեսնում ենք, որ արդյունավետ աշխատելու դեպքում, մասնավորապես մեզ բարեկամ երկիր Լիբանանը կարողացավ դոնորների կոնֆերանս կազմակերպել և փոխառել մոտ 11 միլիարդ դոլար, որն այդ երկրի համար ուղղակի մի պատմական նշանակության գումար է։ Հայաստանը պետք է քայլեր անի, միայն ծափ տալով ոչինչ չի ստացվի, փորձանք ենք բերելու մեր գլխին, եթե Հայաստանի տնտեսության կեսը հայտնվի այդ սանկցիաների տակ․ ինչպե՞ս ենք վարվելու, ո՞վ է պատասխան տալու»։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ