Գ. Համբարյանն ու Հ. Խորիկյանը դիմել են դատարան. ՇՊՀ-ի նոր զարգացումները
Շիրակի պետական համալսարանից հեռացված դասախոսներից Գագիկ Համբարյանը հաստատեց, որ փաստաթղթերը արդեն ստորագրել են ու դիմել են դատարան` իրենց աշխատանքային իրավունքը վերականգնելու համար:
«Մեր սահմանադրական իրավունքն է դիմել դատարան այն անօրինականությունների դեմ, որը Շիրակի համալսարանում իրականացնում է ռեկտոր Սահակ Մինասյանը»,-նշեց դասախոսը:
Հիշեցնենք, ռեկտոր Սահակ Մինասյանի որոշմամբ աշխատանքից ազատվել էին դասախոսներ Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանը, ովքեր մոտ 7 ամիս բարձրաձայնում էին իրենց բնորոշմամբ «բուհը ավերելու» մասին։ Տարբեր ֆակուլտետների ուսանողներ որպես բողոքի նշան դասադուլ էին հայտարարել։
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ՇՊՀ այցելեց մի քանի անգամ, հանդիպեց գիտխորհրդի հետ, նաև ուսանողների ու լրագրողների հետ: Վերջին այցելությունը անցած շաբաթ էր: Նախարարը հանդիպեց ուսանողների ու աշխատանքից ազատված դասախոսների հետ: Բայց բոլոր այս հանդիպումների ընթացքում նախարարին ուղղված բոլոր հարցերի պատասխանը մեկն էր.
«Կկատարվեն ուսումնասիրություններ, որից հետո գիտխորհուրդը իր գնահատականը կտա: Իսկ դասախոսների հետ կապված երկու ճանապարհ կա՝ առաջին նրանք պետք է իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանեն դատական կարգով՝ ելնելով «Աշխատանքային օրենսգրքի» պահանջներից և երկրորդ, պետք է հասնել նրան, որ համալսարանի բոլոր դասախոսական պաշտոնների համար հայտարարվեն մրցույթներ»:
Աշխատանքից զրկված դասախոսների հետ Լևոն Մկրտչյանի ու Շիրակի համալսարանի գիտխորհրդի նախագահ՝ Աժ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի երկար զրույցից հետո էլ՝ վերջնական համաձայնություն կարծես թե ձեռք չբերվեց: Դասախոսները որոշեցին ոչ թե մասնակցել դասախոսների համար հայտարարվելիք մրցույթին, այլ դիմել դատարան:
«Ոչ, մրցույթին չենք մասնակցելու, դա կեղծ մրցույթ է լինելու», -նշեց Գագիկ Համբարյանը:
Իդեպ, վերջին այցի ժամանակ ԿԳ նախարարը նշեց, որ Շիրակի համալսարանի պատմության բաժինը լինելու է նախարարի ու Ֆելիքս Ցոլակյանի “բարձր հովանու ներքո», քանի որ երկուսն էլ պատմական ֆակուլտետն են ավարտել, ու որպես պատմաբաններ հետևելու են ծրագրերին ու ուսումնական պլաններին, աջակցելու են, որ համագործակցեն ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի հետ: Իսկ Henaran.am-ի այն հարցին, թե արդյոք հնարավոր չէ ԵՊՀ-ի փորձը ՇՊՀ տեղափոխել ու կրթության որակը բարելավվել, Լևոն Մկրտչյանը նշեց, որ դա հնարավոր չէ, ամեն մի համալսարան իր ճանապարհը պետք է անցնի: