Զուգարանի դռան փոխարեն վարագույր են կախել. Հայկական Ժամանակ
2017 թ. ֆինանսատնտեսական հաշվետվությամբ մշակույթի նախարարությունում էր Փայտարվեստի թանգարանի ղեկավարությունը:
Թանգարանի ցուցանիշները նախարարության աչքին չափազանց համեստ էին: 45 տոկոս վճարովի այցելու ունենալու պարտավորության դիմաց այցելուների թիվը 34 տոկոս է եղել, մինչդեռ նախարարության որդեգրած սկզբունքով, բոլոր պետական թանգարանները 2018- ին պարտավորվում են 75 տոկոս վճարովի այցելու ունենալ:
Փայտարվեստի թանգարանը 2017 թ. 5 հազար այցելու է ունեցել: Թանգարանի ֆոնդապահ Մելանյա Միրզոյանը նշեց, որ այցելությունների առումով նմանօրինակ փոքր թանգարանների համար նման ցուցանիշը նույնիսկ շատ է: Թանգարանի աշխատակիցները, ովքեր ներկա են եղել հաշվետվությանը, նշեցին, որ մշակույթի նախարարը պահանջել է այցելուների թվի եռապատկում:
«Նախարարը մեզ ասում է բաներ, ներկայացնում պահանջներ, որը մենք ի վիճակի չենք իրականացնել: Դա նույնն է, երբ երեխան ծնվում է 9 ամսականում ասեն, որ պետք է ծնվի 3 ամսում»,-ասաց Մելանյա Միրզոյանը: Վերջինիս ներկայացրած տվյալներով այս տարի թանգարանն ունեցել է 5 հազար այցելու, որից 1777-ը վճարովի այցերն են, մնացածը թանգարանային օրերի եւ ամեն ամսվա վերջին շաբաթում անվճար այցելուների թիվը:
Թանգարանի տոմսի արժեքը 500 դրամ է: Մեկ հիմնական եւ մեկ ժամանակավոր ցուցասրահ ունեցող թանգարանն ունի 12 աշխատող: Նշեց, որ պետք է թանգարան այցելող հասարակություն ունենան, որ այցելությունների թիվը շատանա, մարդիկ, ովքեր նման պահանջ ունեն, հնարավորություն չունեն, բայց էլի գտնում են միջոցներ ու այցելում: «Իսկ դնել եւ պահանջել, որ այցելուների թիվը ավելացնենք, դա աբսուրդ է, մենք հո տուրիստական կազմակերպություն չենք, ի՞նչ անենք մեր սկզբունքները, մեր կանոնադրությունը փակենք, դնենք մի կողմ ու առեւտո՞ւր անենք»,֊վրդովված ասաց Մելանյա Միրզոյանը: Համաձայն մշակույթի նախարարության հրապարակման թանգարանը չի կատարել 2017 թ. սուբսիդիոն պայմանագրի 5 կետ, սակայն կետերը չի մանրամասնել: Նախարարը թանգարանի տնօրեն Հենրիկ Սոնախյանին հայտնել է, որ վատ ցուցանիշներ է ներկայացրել եւ պայմանագիրը պատշաճ չի կատարել, որի համար էլ Սոնախյանը պատճառ է բերել թանգարանի տարածքի հիմնովին վերակառուցման անհրաժեշտությունը:
Ամիրյանն արձանագրել է, որ այցելուների թվի ավելացմամբ նախ պետք է մեծացնել արտաբյուջեն, որտեղից գումարները կամաց-կամաց կուղղվեն տարածքի պայմանների բարելավմանը:
«Ըստ երեւույթին, մենք նույն լեզվով չենք խոսում կամ էլ միմյանց ասածները չենք հասկանում: Եռալեզու բուկլետ տպագրելու պարտավորությունն էլ կապ ունի՞ տարածքի հիմնովին նորոգման հետ»,- հանդիպման ընթացքում ասել էր Ամիրյանը: Թանգարանում մեզ ասացին, որ եռալեզու թռուցիկները տպած սպասում են, որ համապատասխան հրահանգից հետո տանեն նախարարություն: Նաեւ վստահեցրին, որ մինչ օրս բաժանած թանգարանային այդ թռուցիկներով դեռ ոչ ոք չի այցելել թանգարան, այսինքն, այցելությանը թռուցիկների բաժանումը ոչնչով չի նպաստում:
«Այստեղ նպատակաուղղվածություն կա, նախատրամադրվածություն կա, բայց դեռ անորոշ է, թե ինչ եւ ինչու», – ասաց Մելանյա Միրզոյանը: Վերջինս եւս մեկ անգամ հիշեցրեց, թե թանգարանն ինչպես է ստեղծվել նշելով, որ երբ մնացած թանգարանները ստեղծվել են հայտնի արվեստագետի կամ գրողի անունով, նրանց պատրաստի շինություն է տրամադրվել, փայտարվեստի թանգարանը ստեղծվել է զրոյից, սկզբում ամեն մի ցուցափեղկում եղել է ընդամենը 3-4 ցուցանմուշ, այսօր արդեն 2000-ից անցել է:
Փայտարվեստի թանգարանում ներկայացրին, որ շենքն իսկապես բարվոք վիճակում չէ, փայտերը ճաքում են, շարքից դուրս են գալիս, ձմռանը այցելուն փախչում է թանգարանից, քանի որ շենքը նորմալ չի ջեռուցվում: Թանգարանն անգամ նորմալ զուգարան չունի, դռան փոխարեն վարագույր են կախել.
«Ամեն տարի, երբ ընդհանուր քննարկում է լինում, այդ հարցերը բարձրացնում ենք: Կոնֆլիկտը սկսվում է դրանից, խնդիրներին ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Ամիրյանն ամեն անգամ ասում է կլինի, կլինի»,- ասում է Մելանյա Միրզոյանը եւ նշում, որ վերանորոգման հերթի մեջ են արդեն 10 տարուց ավելի, համբերությամբ սպասում են:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: