Մենք հրամայում ենք, գոռում ենք, խնդրում ենք մի նպատակով. Ս. Բագրատյան
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հույս ունի, որ գոնե ապրիլից հետո ներդրողների մոտ վստահության որոշակի բարձրացում է լինելու: «Այլապես մենք պետություն դառնալու դժվարություն ունենք: Այսօր Իսրայելը մեկ շնչին ընկող գյուղատնտեսական ապրանքով աշխարհում 6-րդն է, թեկուզ և պատերազմող երկիր է: Նա սրան հասել է ճիշտ տնտեսության օգնությամբ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
Հարցին, թե հերոսություն է այսինքն նման պայմաններում Հայաստանում 7.5 տոկոս տնտեսական աճ ապահովել, Ս. Բագրատյանը պատասխանեց. «Նման պայմաններում դա կլիներ հերոսություն, եթե լիներ իրականություն: Ես խիստ կասկածում եմ. այդտեղ տվյալներ կան, որ խեղաթյուրված են: Որովհետև որևէ զարգացող երկրից չեն հեռանում, լավագույն ինդիկատորը մեր ժողովրդի հեռանալն է: Որոշակի արդյունք յուրաքանչյուրս պիտի տեսնեինք: Իմ կարծիքով՝ առավելագույնը 3-4 տոկոսի սահմաններում աճ է, որը չի կարող երևալ, 7 տոկոսը կերևար»:
Ըստ նրա՝ եթե հանքարդյունաբերության մեջ 20 տոկոս աճ է եղել, որը ընդհանուր աճի մեջ ավելացրել է 3 տոկոսով, դա մեզ ոչինչ չի տա: «Մենք ցանկանում ենք ստիպել իշխանությանը, որ այս ուղղություններով աշխատի, մենք հրամայում ենք, գոռում ենք, խնդրում ենք մի նպատակով, որ ժողովրդի վիճակը լավանա: Վստահ եմ, որ կառավարությունում էլ կան նման ուժեր, բայց գերակշռող մարդկանց արժեհամակարգը տարբերվում է: Անթույլատրելի է, որ մեկը միլիարդներ վաստակի, իսկ մյուսը օրվա հաս չկարողանա վաստակել»,-ընդգծեց նա: