Սերժ Սարգսյանի մխիթարանքը Կարեն Կարապետյանին. Ժամանակ
Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց Սերժ Սարգսյանի վարչապետության որոշման մասին, ասելով, որ ապրիլի 7-ին նրա հետ տեղի ունեցած հանդիպմանը որոշել են՝ ճիշտը Սերժ Սարգսյանի վարչապետ առաջադրումն է, որպեսզի լիարժեք և սահուն իրականացվի կառավարման խորհրդարանական մոդելի անցումը, եղած մարտահրավերները չեզոքացվեն: Հետաքրքիր է, որ մինչ այժմ Կարեն Կարապետյանը ոչ միայն որևէ կերպ չէր խոսում մարտահրավերների մասին, այլ նույնիսկ հայտարարում էր վարչապետ մնալուն պատրաստ լինելու մասին: Ստացվում է, որ նա մինչև այժմ չգիտեր, թե ինչին է պատրաստ կամ ինչ է նշանակում լինել նոր մոդելի վարչապետ: Իհարկե դժվար է մտածել իրականում, Կարապետյանի համար այդ ամենը անհայտ էր և նա նոր է միայն իմացել, որ «թուրքերը մեր հողերը գրավել են»: Մյուս կողմից, տվյալ պարագայում ինտրիգը կարծես թե մեռած էր վաղուց և հարցն այն էր, թե Սարգսյանի վարչապետության մասին հայտարարության ի՞նչ ձև է ընտրվելու, որ քիչ նվաստացուցիչ լինի Կարապետյանի համար:
Ըստ ամենայնի՝ այդ տրամաբանությամբ է ընտրվել Սարգսյան-Կարապետյան որոշման ֆորմատը, ցույց տալու համար, որ Կարապետյանը ոչ միայն չի արհամարհվել, այլ հենց նրա հետ է Սերժ Սարգսյանը քննարկել կարևորագույն հարցը: Իհարկե այս իրավիճակում այլևս ավելորդ է երևի թե քննարկել ներկան կամ ոչ հեռու անցյալը, ավելի էական է, թե ստեղծված իրադրությունն ինչ է խոստանում ապագայում: Դատելով Կարեն Կարապետյանի ձևակերպումից, Սերժ Սարգսյանը գործնականում լինելու է ոչ այնքան ուղիղ իմաստով վարչապետ, այլ Առաջին դեմք: Կարապետյանը հենց այդ շեշտադրմամբ է բնութագրում իրավիճակը: Ավելին, թե՛ Սարգսյանի հետ ապրիլի 7-ի հանդիպմանը, թե՛ դրա մասին մանրամասներ հրապարակելու ժամանակ Կարապետյանը խոսում է կառավարության տեսլականի հստակության և անելիքների մասին, ինչն ըստ երևույթին հուշում է, որ Սարգսյանը կլինի վարչապետ, բայց կառավարության սկզբունքային փոփոխություն չի լինի, և Կարեն Կարապետյանը կշարունակի աշխատել, այսպես ասած, «սևագործ վարչապետի» կարգավիճակում:
Այս իրավիճակը կանխատեսել էինք մեր վերջին հրապարակումներից մեկում, և Սերժ Սարգսյանը իրականում մնում է դե ֆակտո պատրիարքի կարգավիճակում, քաղաքական, իսկ գուցե նաև հոգևոր-քաղաքական: Նա այսպես ասած ստաձնում է ապագայի պարտականությունը կամ պատասխանատվությունը, ներկան թողնելով Կարեն Կարապետյանի, Արմեն Սարգսյանի, Վիգեն Սարգսյանի և այլ ներիշխանական սուբյեկտների, նաև ՀՅԴ-ի և Գագիկ Ծառուկյանի վրա: Բանն այն է, որ ներկայիս պատասխանատվությունը միշտ կոնկրետ է, իսկ ապագան միշտ վերացական, որովհետև ապագան պարբերաբար հնարավոր է հետաձգել: Սրան զուգահեռ, Սերժ Սարգսյանը փաստորեն ձևավորում է ներհամակարգային ուժի մի քանի կենտրոններ, ստանձնելով դրանց արբիտրի կարգավիճակը: Սրան զուգահեռ, հերթական անգամ ՀՀԿ-ն ասում է մի բան, իսկ Սերժ Սարգսյանն անում այլ բան:
ՀՀԿ-ն հայտարարում է, որ վարչապետի հարցում չկա որոշում և կքննարկեն մի քանի օրից ու կասեն, սակայն հանկարծ պարզվում է, որ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի հետ արդեն կայացրել է որոշումը: Սերժ Սարգսյանը հերթական անգամ է անվստահություն հայտնում ՀՀԿ-ին, ցույց տալով, որ ՀՀԿ-ն թերևս ամենավերջինն է, որ տեղեկանում է իր պլաններին:
Ընդ որում, էական չէ անգամ՝ դա իրականում այդպես է, թե ոչ: Առերևույթ դա մատուցվում է հենց այդպես, երբ ՀՀԿ-ն հայտարարում է, որ չկա որոշում, իսկ հանկարծ պարզվում է, որ կա: Մեծ հաշվով, Սերժ Սարգսյանը դրանով ցույց է տալիս, որ ՀՀԿ չկա, թեև այդ մասին նա հայտարարել է նաև բաց, որ իր խնդիրն է լինելու վարչապետի պաշտոնում ձևավորել երիտասարդ լիդերներ՝ անկախ կուսակցական պատկանելությունից և քաղաքական դիրքավորումից:
Այդպիսով, իր վարչապետությունը Սերժ Սարգսյանը սկսում է այսպես ասած առանց ՀՀԿ-ի, նույնիսկ Կարեն Կարապետյանի հետ, բայց առանց ՀՀԿ-ի: Իհարկե դա տեղի է ունենալու ՀՀԿ քվեարկությամբ, բայց առավել ևս այդ պայմաններում ընդգծվում է, որ մինչև քվեարկելը Սարգսյանը փաստորեն թույլ տվեց Կարեն Կարապետյանին հրապարակավ արհամարհել ՀՀԿ-ն: Դա գուցե նաև Կարեն Կարապետյանին տրված մխիթարական մրցանակն էր, իր «արհամարհվածության» դիմաց, որևովհետև առկա վիճակում, եթե ՀՀԿ-ն հավաքական արհամարհված է, ապա Կարեն Կարապետյանը շատ ավելի կոնկրետ: Իհարկե ամենից մեծ արհամարհանքը, որ ցուցաբերել է Սերժ Սարգսյանը, եղել է Հայաստանի հանրության և քաղաքացիների հանդեպ:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: