«Ֆլեշ»-ի անպայմանագիր թանկ պայմանները, ջրամբարների դատարկությունն ու Սումգայիթի պարտանյութը. գյուղնախարարը Շիրակում էր /տեսանյութ/
Այսօր ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանն իր տեղակալ Աշոտ Հարությունյանի հետ Շիրակի մարզպետարանում աշխատանքային հանդիպման էր մարզի համայնքապետերի հետ:
Հանդիպումը անցավ բուռն քննարկումներով։ Համայնքապետերը բարձրաձայնեցին տարբեր խնդիրներ՝ դիզվառելիք, պարարտանյութեր, սերմացուների պարտք ու զիջում, ջրամբարների դատարկ լինելը, մշակաբույսներն իրացման խնդիրներ և այլն։
Գյուղնախարարն իր հանդիպումը սկսեց հարց ու պատասխանով․ բարձրաձայնած առաջին հարցը վերաբերում էր Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերության Շիրակի մարզի գյուղացիներին դիզվառելիք չմատակարարելուն։
Այս ընկերությունը, որը մրցույթ է շահել դիզվառելիք մատակարարելու ու պետությունից սուբսիդավորվել է, Շիրակի մարզպետարանի հետ պայմանագիր չի կնքել։ Սա անակնկալի բերեց նախարարին։ «Ինչի՞ չեք խեղդում՝ պայմանագիրն ուղարկի»։
Գյուղնախարարն ավելի մտահոգվեց, երբ համայնքապետերը բարձրաձայնեցին, որ շուկայում դիզվառելիքն ավելի էժան է, քան մրցույթը հաղթած «Ֆլեշն» է մատակարարում. «Հիմա շուկայում 380 դրամ է վաճառվում», –ասաց գյուղապետերից մեկը։ Գյուղնախարարը զարմացած հարցրեց ․«Դիզվառելի՞քը»։ «Այո՛», –ասաց գյուղապետը։
«Մի րոպե, եկեք մի բան պարզաբանենք էլի, մենք հայտարարել ենք մրցույթ․ մատակարար, որը որ կբերի դիզվառելանյութը և ասել ենք, որ որ կսուբսիդավորենք մինչև 60 դրամ։ Կապ չունի՝ ի՞նչ գին իրենք կառաջարկեն, հիմա եթե 2 մատակարարներից երկուսը հաղթել են, ներկայացրել են 440 դրամ, մի քիչ բարձր էր, բանակցել ենք, իջել է, հիմա եթե ասում եք, որ 380 դրամով շուկայում կա, այդ մարդիկ կարող էին մասնակցել մրցույթին, հաղթեին, եթե էժան ավելի կա, և մենք կսուբսիդավորեինք, էսօր դուք կստանայիք ավելի էժան։ Հիմա եթե ինքը չի եկել մրցույթի մասնակցել, մենք ինչ անենք»,-ասաց նախարարը։ Առափիի գյուղապետ Ալբերտ Այվազյանն էլ ասաց․ «Եթե ինքը 440 դրամ է վաճառում, բնականաբար ավելի էժան է ձեռք բերում չէ՞, էդ էժան գնից նաև գյուղացին է ձեռք բերում»։
Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը խոսեց հանքային պարարտանյութերից։ «Բոլոր ժամանակներում հանքային պարարտանյութերը՝ կալիումը և ֆոսֆորը 2-3 անգամ էժան են եղել ամոնիակային սելիտրայից։ էսօր դա շատ գերազանց բան է, որ դաշտերում որ օգտագործել ենք, և մթերքի պահպանության հարցում ենք լավ արդյունք ենք ստացել, և լավ որակի բերք։ Այստեղ պետք է ուշադրություն դարձնել գնի վրա, այն չի կարող ամոնիակային սելիտրայի գնին լինել: Չի կարող գործարանային խոշոր տեխնոլոգիական պրոցես անցած ամոնիակային սելիտրայի գնին լինել։ Ես խնդրում եմ պարոն նախարար, այդ դաշտը ավելի ճիշտ ուսումնասիրել», –ասաց գյուղապետը։ Նախարարն էլ պատասխանեց, որ դաշտն ուսումնասիրել են, արտադրություն չկա նաև Վրաստանում, Ռուսաստանից կամ Չինաստանից են ներկրում։ Գյուղապետը հիշեցրեց, որ ժամանակին գնում էին Ադրբեջանից, ավելի կոնկրետ Սումգայիթից, ընդ որում անսահմանափակ քանակությամբ։ «Շատ լավ, հիմա մենք չենք կարող Սումգայիթից բերել»,- ասաց նախարարը։ Գյուղապետը, սակայն այն կարծիքին է, որ «թշնամական հարաբերությունները երբևիցե առևտրի դեմը չեն կարող փակել: Եթե մեր կարտոֆիլը շատ անգամ, գնում հասնում է Ադրբեջան Վրաստանի միջոցով, շատ նորմալ ձևով կարելի է դա էլ: Մենք Սումգայիթից էինք ստանում շատ նորմալ ձևով»։ Գյուղնախարարն առաջակեց էժան գնով մատակարար գտնել, որը կգա, մրցույթի մասնակցի ու նրան կսուբսիդավորեն։