Առաջինը կփորձարկի Հայաստանը. 168 Ժամ
ԵՄ-ն փոխում է ԱլԳ ինստիտուցիոնալ կառուցվածքը, պլատֆորմը եւ պանելները, ընդլայնում ծրագիրը: Այս ամենը կոորդինացնելու են ԵՄ չորս առաջնահերթությունները, որոնք թույլ կտան ԱլԳ երկրների քաղաքացիների համար իրական արդյունքներ արձանագրել ավելի արագ ռեժիմով:
Չորս առաջնահերթություններն ուղղված են կառավարման ամրապնդմանը, տնտեսությանը, կապերին եւ հասարակությանը»,- «168 ժամի» հետ զրույցում մեկնաբանելով ԱլԳ ծրագրում ԵՄ իրականացրած փոփոխությունները՝ ասել է եվրոպացի պատգամավոր Յաչեկ Սարյուշ Ուոլսկին:
Նա տեղեկացրել է, որ այս նոր կառուցվածքի էությունն այն է, որ համապատասխան ոլորտի մասնագետները, որոնք անդամ-երկրներում բարեփոխումներն իրացնողներն են, Եվրամիության կողմից ձեւավորված համապատասխան հարթակներում հանդիպումներ են ունենալու, վերապատրաստումներ անցնելու: Ըստ պատգամավորի, սա վերաբերում է բիզնեսին, ոչ կառավարական կազմակերպությունների անդամներին, սոցաշխատողներին, կառավարման ոլորտի աշխատակիցներին ու մասնագետներին, տրանսպորտին, էներգետիկային, կլիմային:
«Այսինքն` ԵՄ-ն անմիջական ներկայություն է ցանկանում ունենալ բարեփոխումների իրականացման գործընթացում՝ նպաստելով դրան»,- ասել է պատգամավորը: Նրա խոսքով՝ այս կառուցվածքային փոփոխությունը հատկապես կարեւոր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շուտով հայկական կողմը պետք է սկսի ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը, իսկ Եվրոպական միությունն այս կառուցվածքային փոփոխությունների արդյունքն ակնկալում է տեսնել արդեն աշնանը, երբ կհանդիպեն նախարարները ԵՄ պաշտոնյաների հետ:
Իսկ լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտն ասել է, որ այս կառուցվածքային փոփոխությունները նախաձեռնվել են ԵՄ-ի հարմարավետության եւ բարեփոխումների ֆինանսավորումն արդյունավետ դարձնելու նպատակով:
Նրա խոսքով՝ այս փոփոխություններն առաջինը կփորձարկի Հայաստանը: «Հույս ունենք, որ եվրոպացի պաշտոնյաների հույսերը կարդարանան, եւ այս նոր մոտեցումն իրեն կարդարացնի»,- նկատել է նա;
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: