Խորհրդարանական մեր օրակարգը դարձրել ենք շուտասելուկ.Նիկոլ Փաշինյան
ՀՀ Ազգային ժողովը քվեարկության ներկայացրեց քննարկված նախագծերը: «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և կից փաթեթը երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ ԱԺ-ն ընդունեց 97 կողմ քվեարկությամբ: Մինչ քվեարկությունը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ որոշ առաջարկություններ ընդունվել են, սակայն իր առաջարկությունը, որ անձը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության բացառապես դատարանի դատական ակտով, չի ընդունվել, ուստի խմբակցությունը կողմ կքվեարկի, իսկ ինքը չի մասնակցի քվեարկությանը:
«Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի նախագիծը կից փաթեթով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 97 կողմ ձայնով: Վարման կարգով խոսելով «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նկատեց, թե բերվել է մայր օրենք՝ հարակից 35 օրենքների նախագծերով, որը ԱԺ-ն քննարկել է մեկ ժամում և հիմա քվեարկում են: «Հասկանում եմ՝ շատերը չեն ցանկանում աշխատել, բայց նրանք, ովքեր ուզում են քննարկել, նրանց համար ԱԺ խորհդում նորմալ ժամանակ սահմանել է պետք, որպեսզի հնարավոր լինի քննարկել»,-ասաց նա: Վարման կարգով խոսեց նախ խորհրդի անդամ, խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով նշեց, թե ԱԺ խորհրդում առաջարկել է սկզբունք դարձնել, որ որևէ մայր օրենք 3 ժամից պակաս չի կարող քվեարկվել: «Խորհրդարանական մեր օրակարգը դարձրել ենք շուտասելուկ, մեկ օրում քննարկեցինք, վերցրինք, հիմա երկու օր է մնում, մտածենք՝ ոնց անենք, որ հետաքրքիր անցնի»,-ասաց նա: Հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց 88 կողմ , 9 դեմ ձայնով: