Գնահատական տվեցին նախագահի ասածին
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը նկատեց, որ Ճիշտ չէ, երբ մի հարց վիճարկվում է Սահմանադրական դատարանում, այդ ժամանակ է երկրի առաջին դեմքը դրա շուրջ կարծիք հայտնում: Մանուկյանը հավելեց, որ ամեն դեպքում փորձում է զերծ մնալ քաղաքական գնահատական տալուց:
“Բայց որպես քաղաքացի պետք է ասեմ, որ երբ գործի քննությունը գտնվում է Սահմանադրական դատարանում, իսկ երկրի նախագահը իր կարծիքն է արտահայտում ու ասում, որ սերունդները պետք է շնորհակալ լինեն, կարող է դիտվել որպես “մեսիջ”: Ես չէի ցանկանա, որ իմ երկրի առաջին դեմքը նման կարծիք հայտներ դատարանում վիճարկվող հարցի շուրջ, թե՞ նա համոզված է, որ ՍԴ-ն դիմումը մերժելու է: Եթե լինեի երկրի առաջին դեմք, նման բան չէի անի»,- ասաց Դավիթ Մանուկյանը:
Նախաձեռնության անդամները որոշել են չնահանջել եւ շարունակել պայքարը: Լինելու են բողոքի երթեր, բազմաթիվ ակցիաներ Երեւանում եւ մարզերում: “Փորձելու ենք ներգրավվել ուսանողներին: Նրանք մեծ ուժ են եւ պետք է հասկանան, որ մի քանի տարի անց հենց իրենք են ստիպված լինելու վճարել”,- ասաց նախաձեռնության անդամ Գեւորգ Գորգիսյանը:
“Դեմ եմ” քաղաքացիական նախաձեռնությունը կոշտ պայքարի կանցնի միայն Սահմանադրական դատարանի որոշում կայացնելուց մի քանի օր առաջ. “Ծայրահեղ, ավելի ճիշտ արմատական քայլերի կդիմենք մարտի 28-ից առաջ կամ եթե Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը մեր սրտով չլինի”-հայտարարեցին նախաձեռնության անդամները:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղ անդրադառնալով Կուտակային կենսաթոշակային համակարգին ասել էր. “Ես համոզված եմ, որ այս բարեփոխումն այն համալիր ծրագիրն է, որ հետո կոչվելու է պատմական. անցնելու են տարիներ, և այսօրվա ձեր կատարած աշխատանքը միայն ու միայն հարգանքի և շնորհակալության է արժանանալու”: