Դատախազության անգամ ամենասովորական աշխատակիցը մեր երկրում իրեն անպատիժ է զգում. Ժողովուրդ
“Ժողովուրդը” գրում է, որ պարզվում է, որ ՀՀ գլխավոր դատախազության անգամ ամենասովորական աշխատակիցը մեր երկրում իրեն անպատիժ է զգում։ “Ժողովուրդ”-ին դիմած քաղաքացի Կարեն Քոչարյանը պատմեց, որ գնացել է Զովունու ճանապարհին գտնվող գազալցակայան՝ մեքենան լիցքավորելու։ Տարածքում մի հսկա շուն է հարձակվել իր վրա, հոշոտել թեւը։ Նա 6 րոպե շան հետ կռիվ է տվել, որից հետո իրեն է մոտեցել ՀՀ գլխ. դատախազության ֆինանսական վարչության աշխատակից Օհան Մուրադյանը, որին էլ պատկանում են գազալցակայանը եւ հարակից “Օդալեն” ռեստորանային համալիրը։ Նա հանգստացրել է Կարենին եւ պարզելով, որ բողոքելու մտադրություն չունի, ասել, թե` մի՛ գնա հիվանդանոց, բան չկա, մաքուր շուն է, միայն ռեստորանի միս է ուտում։ Սակայն քաղաքացին երեկոյան վերքի շրջանում քոր է զգացել եւ դիմել հիվանդանոց, որտեղ հետաքրքրվել են՝ արդյոք շունը կատաղած էր։ Կարենը վերադարձել է ռեստորան՝ պարզելու։ Այստեղ նույն Օհանն արդեն թիկնապահների հետ հոխորտացել է, թե “անտեր շուն էր, մենք ի՞նչ անենք”՝չգիտակցելով որ իր շան պատճառով քաղաքացու կյանքն ու առողջությունը վտանգված են”,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։