Գազի պատճառով հացի արտադրամասները փակման եզրին են. Ժողովուրդ
“Ժողովուրդը” գրում է, որ Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների թանկացումից հետո ՀՀ-ում եւ Երեւանում գործող հացի որոշ արտադրամասերի ղեկավարներ դժգոհում են ոչ միայն գազի բարձր վարձավճարներից, այլեւ ցածր կալորիականությունից։ “ՀՀ Կոտայքի մարզում գործող “Գառնու Սուրիկի լավաշ” գործարանի սեփականատեր Սուրիկ Հակոբյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում մտահոգված նշեց, որ վերջին երկու-երեք ամիսների ընթացքում սկսել են վնասով աշխատել. “Դեռ կարողանում ենք մի քիչ վնասով աշխատել, յոլա ենք գնում։ Հիմա մտածում ենք, թե անցած ամսվա գազի վարձն ինչպես ենք մարելու։ Նոյեմբեր ամսվա գազի վարձը մի կերպ պարտք ենք արել ու մուծել ենք։ Եթե անցած ամսվանն էլ չկարողանանք մարել, ուրեմն հիմնարկությունը կփակվի”։ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում գործող “Սրեւ-1” հացի գործարանի տնօրեն Ծատուր Մանուկյանը եւս դժգոհեց գազի որակից. “Գազի հաշվիչները հենց “Գազպրոմ Արմենիա” ընկերությունն է տեղադրում։ Կալորիականությունն ահավոր ցածր է, ես չգիտեմ, թե ինչպիսի հաշվիչներ են դնում։ Աչքներս փակ է, ինչ ուզում են, պետք է տանք””,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։