Հայաստանը տղամարդկանց երկիր է. իգական սեռի քաղաքական գործիչները «մարտի 8»-ը չեն սիրում (տեսանյութ)
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանի համար «մարտի 8»-ը գարնան, գեղեցկության ու կանանց տոնն է, իսկ կանանց իրավունքների հետ կապված պայքարն ու խնդիրներն ամենօրյա են: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Քաղաքական գործիչ Անուշ Սեդրակյանն էլ ասում է, որ այս տոնն ավելի շատ խորհրդային միության հետ է ասոցացվում: «Գարունը պիտի ավարտվի, իսկ կանայք մնալու են, իսկ գարունն էլ թող բոլորիս համար խաղաղությամբ վերջանա»,-նշեց նա:
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն էլ անկեղծորեն ասաց, որ այս տոնը չի սիրում: «Այս տոնը ֆետիշացնելը ցույց է տալիս, որ կինը այնքան ոտնահարված ու գնահատված չէ հասարակության մեջ, որ տարվա մեջ մի օր են գտել, որ արժևորեն»,-ասաց նա՝ հավելելով, որ մեր կյանքում կանայք մեծ դերակատարում ունեն, բայց կանայք էլ, տղամարդիկ էլ նույն կանանց նկատմամբ անվստահություն ունեն:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն էլ, պարզվում է, այս տոնը չի սիրում: «Ուզում են, թող տոնեն, բայց հայտարարել կանանց տոն, անհեթեթ է: Մենք բոլորս էլ երեկ էլ ենք կին եղել, վաղն էլ ենք կին լինելու, ապրիլի 7-ից հետո էլ ենք կին լինելու: Մենք տղամարդկային հասարակություն ենք, որտեղ կանանց ուզում են հիշել դեպքից դեպք»,-նշեց նա՝ հավելելով, որ ուզում է, որ տարվա բոլոր օրերին կանանց նկատմամբ լինի հարգալից ու հավասար վերաբերմունք:
Մանրամասները՝ տեսանյութում: