Պատերազմ թե՞ խաղաղություն
Փաստաբան Նորայր Նորիկյանը անդրադարձել է Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությանը, վերլուծելով հայտարարության ենթատեքստը նա այսպիսի գրառում է արել.
“Ծանոթանալով հարևան պետության ղեկավարի՝ Ի. Ալիևի այսօրվա հայտարարությանը, ակամայից մտածում ես, որ այս մարդը կամ տարրական անգրագետ է, ով ստախոսությամբ փորձում է ոգևորել իր ժողովրդին, կամ պատրաստվում է իրական պատերազմի:
Հայտարարելով, որ Հայաստանը Ադրբեջանի պատմական տարածքն է, Ալիևը, մեծ հաշվով, միջազգային հանրության առջև իրեն դնում է ծիծաղելի վիճակի մեջ, սակայն, նույնը չի կարելի ասել իրենց ներքին լսարանի մասին:
Այդ լսարանը հոգեբանորեն տրամադրվում է այդ ակնհայտ կեղծ, զառանցանքի հասնող քարոզչությանը, և անկասկած ընդունում է որպես վերին ճշմարտություն:
Իմ կարծիքով, սա լուրջ ահազանգ պետք է լինի մեզ համար՝ այդ մարդու անհագուրդ ցնդաբանությունների դեմն առնելու համար:
Ոչ միայն ցանկալի, այլև հրատապ է, որ պաշտոնական Երևանը հստակ դիրքորոշում հայտնի այս ամենի վերաբերյալ և ներկայացնի միջազգային հանրությանը՝ Ալիևի զավթողական նկրտումների դեմն առնելու նկատառումով:
Որքան հասկանում եմ, ՛՛պատերազմ, թե խաղաղություն՛՛ դիլեման դեռևս երկար տարիներ հետապնդելու է մեզ:
Թեև այն հանգամանքին, որ ես միշտ այն համոզմունքն եմ ունեցել և այսօր էլ ունեմ, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, այդուհանդերձ, այս դեպքում ապրելու իրավունք է ձեռք բերում նաև այն տեսակետը, որ եթե սպառված են խաղաղության հասնելու բոլոր ռեսուրսները, ուրեմն ՛՛պատերազմ՝ հանուն խաղաղության՛՛ բանաձևը հարկադրաբար ինքդ պիտի գործադրես…
Իսկ ես ուզում եմ հավատալ, որ Հայաստանը որևէ պատերազմում այլևս պարտվելու իրավունք չունի…”,-գրել է Նորայր Նորիկյանը: