Ի՞նչ իմաստ ունի, որ կառավարության անդամը, ԲԴԽ անդամը երդում տա
Ազգային ժողովում քննարկման ներկայացվեց Կառավարության կառուցվածքի մասին և կից օրենքների փաթեթը: «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հարցրեց, թե այն, որ կառավարության նիստի օրակարգի հրապարակում է նախատեսված, օրենքով է, թե կամարտահայտությամբ:
«Կա օրենսդրական պահանջ, իսկ գաղտնիք պարունակող հարցերի փոխարեն նշվում է գաղտնի բառը: Երկրորդ ընթերցման ժամանակ ավելի ճիշտ կշարադրենք, որպեսզի ավելի պարզ լինի»,-բացատրեց հիմնական զեկուցող, Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանն էլ անդրադարձավ այն կետին, որ Կառավարության անդամները պիտի երդվեն:
«Տարբեր չինովնիկներ սկսում են, շատ ներողություն, կապկել հոգևոր ու աշխարհիկ ղեկավարներին՝ իրենց ելույթոներով, ուղերձներով: Եկեք, երդման արարողությունը որպես այդպիսին վերապահենք պետության գլխի համար, ի՞նչ իմաստ ունի, որ կառավարության անդամը, ԲԴԽ անդամը երդում տա, ուղերձները վերապահենք աշխարհիկ ու հոգևոր ղեկավարներին»,-առաջարկեց պատգամավորը:
«Ես կարծում եմ, որ երկու մոտեցումներն էլ հնարավոր են, բայց եթե որդեգրենք ձեր ասածը, պիտի մի շարք օրենքներում, որ արդեն ընդունել ենք, փոփոխություններ կատարենք»,-պատասխանեց նախարարը:
Սամվել Ֆարմանյանն անդրադարձավ նաև այն հարցին, որ Կառավարության փակ նիստերի օրակարգի, քննավրած հարցերի մասին գործադիրի անդամները միայն վարչապետի թույլտվությամբ կարող են մանրամասներ ներկայացնել, ինչի մասին Դավիթ Հարությունյանն ասաց, որ սա տարածված մոտեցում է շատ զարգացած երկրներում: «Դա պայմանավորված է խորհրդարանական համակարգի առանձնահատկությամբ»,-նկատեց նա:
Ֆարմանյանն առաջարկեց երդման հետ կապված հարմար ժամանակին օրենքի այս դրույթը վերանայել, եթե հնարավարություն լինի, ուղերձների հետ կապված էլ փոխվի վերաբերմունքը, որովհետև ամեն մի չինովնիկ օրինակ՝ Բանակի օրվա հետ կապված ուղերձով է հանդես գալիս: «Այս երկու հարցը պահեք ձեր գզրոցում, սա միայն կօգնի մեր զարգացմանը»,-ասաց նա:
Նախարարն արձագանքեց. «Յուրաքանչյուր վարչության պետ էլ կարող է հրովարտակ ուղարկել, որը բնորոշ է Հռոմի պապին, մարդը պիտի ինքը գիտակցի, դա օրենքով չպիտի սահմանվի, մարդը պիտի իրեն ծիծաղելի իրավիճակում չգցի»: