Արմեն Սարգսյանը շատ բան կարող է փոխել.«Ծառուկյան դաշինք»-ի պատգամավոր
«Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը կարող է դառնալ բոլորի նախագահը, քանի որ դրա համար կան նախապայմաններ և հնարավորություններ»,-այս մասին այսօր՝ մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Պատգամավորը նշել է, որ Արմեն Սարգսյանին կողմ քվեարկելով՝ իրենք ավելի մեծ պատասխանատվություն փոխանցեցին նոր նախագահին, որ նա առաջին հերթին պատասխանատվություն զգա ընդդիմության, իշխանության և ժողովրդի առջև:
«Մեծ հարգանքով ենք վերաբերվում մեր ընդդիմադիր գործընկերներին, «Ելք»-ի մեր գործընկերները Արտակ Զեյնալյանի թեկնածությունն էին առաջադրում, մենք նրանց հիմնավորեցինք, որ ոչինչ չենք փոխում, այդ դեպքում Արմեն Սարգսյանը 65 ձայնով էր ընտրվելու, արդյունքում նրան կմղեինք իշխանության դաշտ, այսինքն՝ չէինք կարողանա նրանից պահանջել անաչառություն. նա չէր ունենա աջակցություն ընդդիմությունից, կունենար պարտավորության մեծ բեռ իշխանության կողմից»,- ընդգծել է Սերգեյ Բագրատյանը:
Բագրատյանի խոսքով՝ որքան էլ ընդունված է նորընտիր նախագահի լիազորությունները համարել սահմանափակ, իրականում այդպես չէ, քանի որ նա ունի լիարժեք հնարավորություններ՝ հակակշռելու այն ուժերին, ովքեր գերակայության ձգտումներ կունենան, ու իր անաչառությամբ կարող է խիստ հավասարակշիռ իրավիճակ ապահովել երկրում:
Պատգամավորը անդրադարձել է նաև իրենց դաշինքի՝ «իշխանական» դառնալու մեղադրանքներին: Նա նշել է, որ բոլոր քաղաքական ուժերին մեղադրում են իշխանության հետ համագործակցության մեջ, այդ թվում՝ «Ելք»-ին: