Խաչվերացի խորհուրդը ննջեցյալների հետ որեւէ կապ չունի.հոգեւորական
Այս տարի Սուրբ Խաչի տոնը`Խաչվերացը կնշվի սեպտեմբերի 16-ին: Խաչվերացի տոնի հիմքում Քրիստոսի խաչի խորհուրդն է ընկած եւ այն պատմական իրողությունը, որի համաձայն վեց հարյուր քառասունհինգ թվականին Քրիստոսի խաչը գերեվարվեց եւ տարվեց Պարսկաստան: Դրանից հետո վեց հարյուր քսանմեկ Թվականին Հերակլ կայսրը հետ է բերում խաչը: Պատմիչները վկայում են, որ այս արշաանքին մասնակցել են նաեւ հայկական զորախմբերը:”Հենարան” մամուլի ակումբում տոնի կրոնական եւ ազգագրական խորհուրդն այսօր ներկայացրել են Տեր Եսայի քահանա Արթենյանը եւ ազգագրագետ Հասմիկ Աբրահամյանը:
Եսայի քահանա Արթենյանի խոսքով, Խաչվերացը շատերը թյուրիմացաբար մեկնաբանում են որպես խաչի վերադարձ, բայց իրականում խաչը բարձրացնելը եւ հավատացյալների կողմից խաչը երկրպագելն է իրական խորհուրդը: “Տոնի խորհրդի հիմքում խաչի փառաբանությունն է, բնականաբար այստեղ մենք նկատի ունենք խաչի խորհուրդը, որը ոչ միայն Քրիստոսի մահն է, այլեւ հարությունը”,-նշել է հոգեւորականը: Նա շեշտել է, որ տոնը որեւէ կապ չունի ննջեցյալների հետ, պարզապես մեր իրականության մեջ սխալ ավանդույթ է արմատացել, որը պայմանավորված է խորհրդային ժամանակներում հոգեւորնկյանքի անկմամբ:
Խաչվերացի օրը բոլոր եկեղեցիներիում Սբ. պատարագ է մատուցվում եւ երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է խաչի թափոր` խաչը զարդարվում է ռեհաններով, եկեղեցու շուրջ թափոր է կազմվում եւ ընթերցվում Ավետարանի համապատասխան հատվածները: Ռեհանն ընտրվել է որպես արքայական ծաղիկ: Կատարվում է նաեւ ռեհանի օրհնությունը, որը հետո բաժանվում է հավատացյալ ժողովրդին:
Ազգագրագետ Հասմիկ Աբրահամյանի խոսքով, Խաչվերացի տոնի պատմական հիմքի վրա տոնը կանոնակարգվել եւ եղեցական տոն է սահմանվել դեռ յոթերորդ դարում: Խաչի փառահեղ անցման ճանապարհին խաչը հանգրվանել է նաեւ պատմական Հայաստանում, մասնավորապես Կարնո շրջանում, որի լեռան ստորոտը հայտնի է Խաչափայտ անվանբ:
Տոնի ժողովրդական արարողակարգը հագեցած է հիմնականում ուխտագնացություններով: Տարածված է եղել նաեւ ուլեր մատաղ անելը, ինչով պայմանավորված նաեւ տոնը Ուլնոց են անվանել: Ազգագրագետի խոսքով, ժողովրդական կենցաղում տարածված են եղել ննջեցյալների հիշատակության արարողությունները: Տոնը նաեւ համընկնում է աշնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի հետ: Տոնի պահքը կատարվել է խաղողով եւ հացով: