Նոր առաքելական եկեղեցու շինարարություն Վրաստանին սահմանամերձ Սարագյուղում (ֆոտո, տեսանյութ)
Շիրակի թեմի առաջնորդի ձեռամբ պատարագ մատուցվեց սահմանամերձ Սարագյուղում:
Սարերի մեջ ծվարած այս գյուղը ունի ընդամենը 70 բնակիչ: Ընդամենը 1 կմ է բաժանում Ջավախքից; Հայտնի իր քամիներով ու բքով:
Նախկին գյուղը, որը հիմնել են Արևմտյան Հայաստանից գաղթած գաղթականները հեռու է 5 կմ: Այն ունեցել է եկեղեցի, բայց նոր տեղանքում բնակիչները եկեղեցի չունեն: Ի դեպ, համայնքի մեծ մասը կաթողիկե դավանանքի են: Տարիներ շարունակ կաթոլիկ համայնքը ձեռնամուխ չի եղել կառուցել եկեղեցի: Դիմել են Շիրակի թեմի առաջնորդին, ով էլ կաթողիկոսին է փոխանցել Սարագյուղցիների խնդրանքը:
Ու անցած տարվանից սկսվել է եկեղեցու շինարարությունը, հավանաբար, կավարտվի հաջորդ տարի:
Շիրակի թեմի առաջնորդը պատարագ մատուցեց գյուղի դպրոցում, մասնակցում էին քչերը, թեև նշում էին, որ տարբերություն չկա առաքելական, թե կաթոլիկ, վաղուց արդեն տարբերություն իրենց գյուղում չեն դնում:
Սրբազանը քարոզի ընթացքում խոսեց օրվա խորհրդից:
Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայաստանյայց եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել այդ կիրակիները: Դրանով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության և աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը:
Մեծ պահքի երկրորդ կիրակին՝ Արտաքսման խորհրդանշում է Ադամի` դրախտից արտաքսումը: Ադամը և Եվան դրախտի երանության մեջ երկար չմնացին. գործած մեղքերի պատճառով նրանք դարձան մահկանացու և անհնազանդության պատճառով արտաքսվեցին ու դատապարտվեցին քրտնաջան աշխատանքով իրենց ամենօրյա հացը վաստակելու: Սակայն Երկրորդ Ադամի` Հիսուս Քրիստոսի մարդեղությամբ մարդկանց առջև վերստին բացվեց դրախտի ճանապարհը, և մարդիկ, զղջումով, ապաշխարությամբ և առաքինի վարքով մեղքերից մաքրվելով, վերստին արժանացան դրախտային երանությանը:
«Մեծ պահքի երկրորդ կիրակին ունի արարչության երկրորդ օրվա ու այս կյանքի երկրորդ դարի խորհուրդը և կոչվում է «Արտաքսման կիրակի»: Սա մեզ հիշեցնում է անհնազանդության պատճառով Ադամի Դրախտից արտաքսման, ինչպես նաև մեղքի ու մահվան դառնության ճաշակման մասին, և հայտնում Քրիստոսի միջոցով մարդու՝ Դրախտին կրկին արժանանալու մասին:
Եթե առաջին կիրակի օրը, պահքի մեջ մտնելու պատճառով, ընթերցվածները սպառնալից են, ապա երկրորդ կիրակի օրն ընդհակառակը՝ աղերսական են: