“Shopping գիշեր”-ների գրավչությունն ու հիասթափության վտանգը
Երկու օր առաջ մայրաքաղաքում “Cosmo shopping գիշեր” էր ու չնայած այն հանգամանքին, որ ակցիային մասնակցող բրենդային միայն որոշ խանութներում էին զեղչեր`10-20 %-ի չափով, իսկ որոշներն էլ մասնակցում էին “Cosmo shopping գիշեր” -ին միայն մինչեւ կեսգիշեր աշխատելով, չնայած նրան, որ ակցիայի մասնակիցներից շատերը համոզված էին, որ առանձնապես մեծ գումար չեն խնայելու իրենց դուր եկած հագուստը կամ օծանելիքը գնելով, այսուհանդերձ մայրաքաղաքի փողոցներում եռուզեռ, իսկ խանութներում հերթեր ու իրարանցում էր:
Բրենդային խանութներ, մինչեւ կեսգիշեր հաճախորդին սպասող ժպտերես վաճառողուհիներ ու զեղչեր … Շոփինգի սիրահարների համար ավելի լավ առաջարկ կարծես թե չի կարող լինել: Առեւտրի եւ գովազդի հոգեբանությամբ զբաղվողներն այս ամենը հաշվի են առել եւ որպես ազդեցիկ հոգեբանական միջոց ընտրել “shopping գիշեր”-ները:
“ Եթե ապրանքն արժե 1000 միավոր, բայց գրվում է` 999, դա մարդուն գրավում է, որովհետեւ չարաբաստիկ զրոները չենք տեսնում: Սրանք նրբերանգներ են, որոնք ազդում են մարդկանց հոգեվիճակի վրա եւ ապահովում մասսայական ոգեւորություն, իսկ երբ ասում ենք` գիշերային զեղչեր, այստեղ նաեւ ռոմանտիկայի տարրեր կան` հանդիսավորություն, գնումներ մտերիմ մարդկանց հետ: Երբ զեղչերի հոգեբանական ազդեցությանը գումարվում է այս գործոնը, ամեն ինչ ավելի գրավիչ է դառնում”.- Henaran.am-ի հետ զրույցում նմանատիպ ակցիաների հոգեբանական ազդեցությունն է ներկայացնում հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Հոգեբանի խոսքով, անկախ գնումներից եւ այդ օրը տնտեսած գումարի չափից, մարդիկ վստահ են, որ հաճելի ու ոչ սովորական ժանանակ կանցկացնեն, եթե ինչ-որ բան էլ ձեռք բերեն` ավելի լավ:
Կարինե Նալչաջյանի խոսքով, “shopping գիշեր”-ները նույն ազդեցությունն են թողնում, ինչպիսին ունենում են օրինակ, Թանգարանային գիշերները: Այդ օրը թանգարաններ են հաճախում նույնիսկ նրանք, ովքեր սովորական օրերին թանգարան գնալու մասին անգամ չէին էլ մտածի:
“Այդ պահին մարդկանց մեջ ոգեւորություն է առաջանում, մարդը երբեմն հակված է չհաշվարկված, իմպուլսիվ քայլերի, երբ այս ռոմանտիկ էլեմենտները գումարվում են, այդ պահանջմունքն ավելի է արթնանում մարդու մեջ”:
Կարինե Նալչաջյանը նշում է, որ շոփինգը երբեմն ունենում է թերապեւտիկ ազդեցություն, հաճելի է դարձնում կյանքը, երբ անգամ մի փոքրիկ նվեր ես գնում քո կամ հարազատիդ համար. “Խանութներ գնալն ինչ-որ դրական ազդեցություն է թողնում մարդու վրա, իհարկե, եթե գրպանդ դատարկ չէ, որովհետեւ դա կարող է հակառակ ազդեցությունը թողնել եւ հիասթափություն առաջացնել, բայց միջին վիճակագրական մարդու համար սա շատ նորմալ է եւ կյանքի փոքրիկ հաճույքներից մեկն է”:
Նմանատիպ ակցիաների դրական ազդեցության հետ մեկտեղ հոգեբանն զգուշացնում է` չպետք է ընկնել ծայրահեղությունների մեջ եւ շոփինգը դարձնել խիստ կարեւոր երեւույթ կամ ինքնահաստատման միջոց: