Սերժ Սարգսյանի սցենարը մեկնարկել է 2013-ին
«Ես չեմ կարծում, որ սփյուռքի հետ կապված ինչ-որ նշանակություն ունենալու է նոր նախագահը, քանի որ արտաքին քաղաքականության հետ կապված մեծ լիազորություններ նախագահը չունի, ինչը Սահմանադրությունից է գալիս»,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց քաղաքագետ Արմեն Գրիգորյանը` ի պատասխան հարցին, թե ինչու է նախագահի թեկնածուի համար նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շեշտվում սփյուռքի կողմից ընդունելի լինելը:
Քաղաքագետն ընդգծեց, որ 4-րդ նախագահի մնացած լիազորություններն էլ այնքան փոքր են, որ, նշանակություն չի ունենալու՝ սփյուռքի կողմից ընդունելի է, թե ոչ: «Ընդամենը քննարկումներ են, խոսքեր են, որ սփյուռքի համար ևս ընդունելի լինի»,-կարծում է նա:
Այդուհանդերձ, արդյոք ՀՀԿ-ի առաջարկած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն անփոխարինելի է, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Արմեն Սարգսյանի թեկնածությունը որոշված է եղել 2013 թ-ի սեպտեմբերին, երբ սահմանադրական փոփոխությունները սկսվեցին: Դրանք սեպտեմբերի 4-ին են սկսվել, երբ Սերժ Սարգսյանը Վիգեն Սարգսյանի միջոցով հայտարարեց, որ սկսում են սահմանադրական փոփոխությունները, և դրանից երեք շաբաթ հետո Արմեն Սարգսյանը նշանակվել է դեսպան, նախ նախագահի թեկնածության բնակության ցենզն էլ է իջեցվել: Այսինքն՝ իր համար է ձևափոխվել Սահմանադրությունը. 10 տարվա ցենզը 6 տարի սարքելը, նրան դեսպան դարձնելը դրա մասին են վկայում, որպեսզի կարողանա ինքը դառնալ նախագահ»,-եզրափակեց նա: