Գնելը հոր գիտությամբ լքել է զորամասը. կուրսանտի սպանության գործով վկա
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատաքննությունը:
Այսօրվա նիստի ժամանակ հարցաքննվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատար, ավագ սպա, մայոր Դավիթ Դավթյանը: Նա նշել է, որ ամբաստանյալներից բոլորին ճանաչում է:
Դավթյանը հայտնել է, որ դեպքի օրը զորամասում չի եղել:
«Դեպքի պահին ես ի պաշտոնե նրանց հրամանատարը չեմ եղել, դասընթացների մեջ եմ եղել: Հունվարի 29-ի առավոտյան ստորաբաժանման պատասխանատուից զանգ եմ ստացել, կարճ ասել է, թե ինչ է տեղի ունեցել: Շատ արագ հասել եմ զորամաս, եղել եմ այնտեղ, որտեղ Հայկազ Բարսեղյանն էր, տեղեկացել եմ, թե ոնց ա հայտնաբերվել: Մանրամասները չեմ հիշում: Հիշում եմ, որ ստորաբաժանման աշխատակիցների մի մասը ոստիկանության կողմից բերման են ենթարկվել, հետ են բերվել, հետո տեղափոխվել են ամբաստանյալները, իմացել եմ, որ կասկածվում են Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ»,-պատմել է Դավիթ Դավթյանը:
Դավիթ Դավթյանը ընդգծել է, որ դեպքի օրն առավոտյան զանգել է պատասխանատուին` Ավետիսյանին, սակայն, նա վերցրելէ հեռախոսը եւ ասել, որ չի կարող խոսել, որից հետո զանգել է Գնել Թեւոսյանին. «Գնելն ասաց, որ ոչ մի բանից տեղյակ չէ, առավոտյան է իմացել»:
Դավիթ Դավթյանը բնութագրելով ամբաստանյալներին նշեց, որ Վաչե եւ Նորիկ Սահակյանները եղել են լավ սովորող, կարգապահ կուրսանտներ, իսկ Մովսես Ազարյանն ու Գնել Թեւոսյանը` վատ առաջադիմությամբ, անկարգ կուրսանտներ:
«Վաչե Սահակյանը լավ է սովորել, բացասական բաներ չեմ կարող ասել: Որպես ջոկի լավ հրամանատար երբեմն նաեւ դասակի հրամանատրի գործառույթներ է կատարել: Նորիկ Սահակյանը եղել է իմ լավագույն կուրսանտներից մեկը, միշտ խրախուսվել է: Նրա կարգապահությունը, ուսման առաջադիմությունը դրական են եղել: Ազարյանի եւ վարքը, եւ ուսման առաջադիմությունը վատ հիմքերի վրա են եղել` մշտապես կարգապահական խախտումներ, վատ գնահատականներ: Գնել Թեւոսյանին չեմ համեմատի Մովսեսի հետ, բայց նա էլ աչքի է ընկել վատ սովորելով, անկարգությամբ»,-ասաց նա:
Վկան սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մասին հայտնել է . «Լավ սովորող կուրսանտ էր, դրական եմ բնութագրում, նա գերազանց գնահատականներով կուրսանտ է եղել, կարգապահ: Նրա համազգեստը միշտ կոկիկ վիճակում էր, մինչեւ համազգեստը կարգի չբերեր` շարք չէր գալիս եւ մշտապես ուշանում էր, դրա համար նկատողություններ է ստացել»:
Դավիթ Դավթյանը նաեւ նշեց, որ Գնել Թեւոսյանը ինքնակամ զորամասը լքել է հոր` Զարմիկ Մարկոսյանի իմացությամբ: Նրա խոսքով, դեպքի օրը, կամ դեպքից մեկ օր անց շարել է անձնակազմը եւ երկու կուրսանտ իրեն հայտնել են, որ Գնել Թեւոսյանի կողմից տոպրակի մեջ փաթաթված իր է փոխանցվել ծնողին, բայց թե ինչ` չեն հայտնել:
Վկայի նկատմամբ նախկինում նաեւ քրեական հետապնդում է իրականացվել, որը դադարեցվել է վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: Քրեական հետապնդումը սկսվել է նրա նկատմամբ այն բանից հետո, երբ զորամասում տեղի ունեցած վիճաբանության մասին վերադասին չի զեկուցել:
Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: