Տարվա սկանդալն ու հումորային հայտարարությունը. Henaran.am-ի ամփոփումը
2017 թվականը կարծես թե ջրբաժան տարի դարձավ քաղաքական դաշտում: Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունները հիմնականում ուղենշեցին առաջիկա 5 տարվա քաղաքական զարգացումները: Եթե իշխանության մասով քարոզարշավի ընթացքում էլ պարզ էր, որ ՀՀԿ-ն մեծամասնություն է նորից ունենալու թե խորհրդարանում, թե քաղաքական դաշտում, ապա հարցականներ կային ընդդիմադիր դաշտում: «Ելք» դաշինքի մուտքով խորհրդարան արձանագրվեց, որ ընդդիմությունը ինչ-որ չափով որակյալ փոփոխվում է: Հիշենք, որ դաշինքի ձևավորման սկզբում ասվում էր, որ իրենք ինստիտուցիոնալ ընդդիմություն են և չեն կրկնելու նախորդ 25 տարիների ընդդիմության սխալները:
Ընտրությունների քաղաքական շոկը, թերևս, «Հայկական վերածննդի» («Օրինաց երկիր») և Հայ ազգային կոնգրեսի՝ խորհրդարան չանցնելն էր: Այսպես, խորհրդարանում կան 4 խմբակցություններ՝ Հայաստանի հանրապետական կուսակցության, ՀՅԴ, «Ելք» և «Ծառուկյան» դաշինք:
Ի դեպ, չտեսնված բան եղավ. Ընդդիմությունը չբոյկոտեց, նշանակում է՝ ընդունեց ընտրությունների արդյունքները:
Սա անցած տարվա կարևորագույն իրադարձությունն էր, որ առանձնացրել է Henaran.am-ն իր ամփոփման մեջ:
2-րդ կարևոր իրադարձությունն էլ սրան անմիջապես հետևած Երևանի ավագանու ընտրություններն էին: «Հանրապետական» այստեղ էլ հաղթանակ տարավ, իսկ ընդդիմադիրներ ավագանիներն են «Ելք»ն ու նախկին պատգամավոր, նախկին ժառանգական Զարուհի Փոստանջյանի հիմնած «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:
Հայաստանի մեծագույն հաջողությունը, կարծում ենք, բոլորը կհամաձայնեն՝ Բրյուսելուն Եվրամության՝ Հայաստանի հետ նախաստորագրվածհամապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումն էր: Սա ավելի շատ քաղաքական փաստաթուղթ է, իհարկե, տնտեսական առւմով ևս կարող է նպաստավոր լինել: Ինչպես փորձագետներն են ասում՝ քաղաքական կամք է անհրաժեշտ կետերն իրագործելու համար, այդ դեպքում առաջընթաց կարող է լինել նաև մարդու իրավունքների և ժողովրդավարության զարգացման առումով:
Չմոռանանք նաև նախագահի ելույթները ՄԱԿ-ի ամբիոնից, վերջերս համայնքապետերի հետ հանդիպմանը, ԱԱԾ-ի ժամանակ: Թերևս հարցական է մնում թիվ մեկ քաղաքական հարցը, որ լուծվելու է 2018 թվականի գարնանը. ի վերջո, ո՞վ է լինելու վարչապետ, ո՞վ է ստանձնելու Կառավարության, հետևաբար նաև երկրի ղեկը արդեն խորհրդարանական դարձած Հայաստանի հանրապետությունում: Նախագահ Սարգսյանն, ըստ էության, այդ հարցին մի քանի անգամ պատասխանել է, սակայն դեռ չի ասել իր որոշման մասին: Ինչպես նա, այնպես էլ ՀՀԿ-ականներն ասում են՝ ժամանակը կգա, քննարկում կլինի, պարզ կլինի: Սակայն այստեղ չենք մոռանում նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը՝ ցանկություն ունեմ մնալ այս պաշտոնում:
Կարևոր էին նաև ապրիլյան պատերազմից հետո քաղած դասերի գործնականի վերածումն ու Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջ քաշած երկու նորագույն ծրագրերը՝ «Պատիվ ունեմ» և «Ես եմ»: Արցախյան հարցի հետ կապված՝ նշանակալի էր նախագահների հանդիպումը Ժնևում, և Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը կրկնելը համանախագահների կողմից:
Չեխիան այս տարի ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ինչի համար երկար ժամանակ դիվանագիտական պայքար էր տարվում հայկական կողմից: 2018-ին մի շարք եվրոպական երկրներում միտում կա այս գործընթացը շարունակել:
Ակցիաներ տարվա ընթացքում շատ չեն եղել. Ներկայումս պայքարի են ելած աջ ղեկով մեքենաների ներկրման դեմ գնացող վարորդները: Հաջորդ տարի կերևա, թե ինչ արդյունք կտա նրանց պայքարը: Աչքի ընկած պայքարը ուսանողներինն էր, ովքեր պայքարում են տարկետման իրավունքի սահմանափակման դեմ: Խորհրդարանականների և գործադիրների հետ հանդիպումը, նրանց իսկ խոսքերով, արդյունք չտվեց: Օրենքի փոփոխությունը ստորագրված է նախագահի կողմից: Նորից հաջորդ տարի կտեսնենք, թե արդյոք պայքարը կշարունակվի, կընդգրկվեն նրանք կառավարության աշխատանքային խմբերում՝ առաջ քաշելով իրենց գաղափարները, թե ոչ:
Այս տարի էր, որ Արցախի հերոս Սամվել Բաբայանը դարձավ դատապարտյալ, և մեկնարկեցին Ժիրայր Սեֆիլյանի ու «Սասնա ծռերի» գործերով դատական նիստերը, որ դեռ ընթացքի մեջ են:
Կրկին նախագահն իր ելույթում սպառնաց Թուրքիային, որ 2018-ի քաղաքական գարունը կարող է լինել առանց արձանագրությունների, եթե Թուրքիան շարունակի նույն կերպ՝ նախապայմաններով առաջ ընթանալ:
Գալով սպորտին՝ տարվա և նույնիսկ ամբողջ մարզական պատմության մեջ բացառիկ դեպք էր, որ Ռուսաստանին Օլիմպիական կոմիտեն զրկեց սեփական դրոշով հանդես գալու իրավունքից: Այսպես. Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) արգելեց Ռուսաստանի հավաքականին մասնակցել 2018 թվականին Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային Օլիմպիադային` «հակադոպինգային համակարգում կատարված շարունակական և աննախադեպ կեղծիքների պատճառով»: ՄՕԿ-ը հայտարարեց` որոշ ռուս մարզիկներ կարող են անհատապես մասնակցել խաղերին` հանդես գալով չեզոք` Օլիմպիական դրոշի ներքո:
Ձմեռային խաղերի պատմության մեջ առաջին անգամն է, որ որևէ երկիր զրկվում է մասնակցությունից։ ՄՕԿ-ի աննախադեպ այդ որոշմամբ որակազրկվել է նաև Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն, իսկ փոխվարչապետ Վիտալի Մուտկոն ու Սպորտի հարցերով փոխնախարար Յուրի Նագորնիխը ցկյանս զրկվել են օլիմպիական ավաններ այցելելու իրավունքից: Ռուս պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներից բացի, ՄՕԿ-ը պարտավորեցրել է Ռուսաստանին 15 միլիոն դոլար վճարել` դոպինգային խախտումների շուրջ հետաքննության ծախսերը փոխհատուցելու համար: Հետաքննությունների արդյունքում պարզվել էր, որ 2014-ի Սոչիի Օլիմպիադայից առաջ ռուսները աննախադեպ կեղծիքների են դիմել, տասնյակ մարզիկներ արգելված խթանիչներ են օգտագործել, ընդ որում, այդ խախտումները վերահսկվել են պետական մակարդակով: Հետաքննությունների արդյունքում Ռուսաստանի հավաքականը զրկվել է 11 մեդալներից, 25 մարզիկ էլ զկյանս որակազրկվել է:
Աշխարհը ցնցեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրությունը, ապա և նրա կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչել: Ցավոք սրտի, այս տարի էլ անմասն չմնացինք ողբերգություններից:
Լաս Վեգասի ահաբեկչությունը ԱՄՆ-ի պատմության մեջ ամենազոհառատն էր, դրան հետևեցին ահաբեկչություններ Բարսելոնայում, Գերմանիայի տարբեր հատվածներում: Աշխարհում ամենաքննարկված թեմաներից էին Կատալոնիայում անցկացված հանրաքվեն, որով առանձնացան Իսպանիայից, Ֆրանսիայի նախագահի ընտրությունները. բավական երիտաարդ թեկնածու Էմանուել Մակրոնը նախագահ դարձավ:
Կրկին տեղափոխվելով Հայաստան՝ հիշենք նաև, որ բուռն քննարկման առիթ հանդիսացան Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի գրառումներն այն մասին, թե ոմն պաշտոնյա խնդրել է բժիշկներին տրամադրել հիվանդության համար համապատասխան փաստաթուղթ, որպեսզի չծառայի: Երևի թե հենց սրանք էլ կարելի է որակել որպես ամենասկանդալային գրառումները տարվա ընթացքում:
Իսկ ամենահումորային այս տարի կրկին գեներալ, ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանի անկեղծ հայտարարություններն էին, հատկապես վերջինները, որ նա արեց խորհրդարանական աշխատանքային վերջին օրը: «Մի Նիկոլն ինչ ա, բոլորիս դարձրել ա կորկուռի ձագ»,-ասել էր գեներալը, հետո էլ Հ1ի եթերում էր խոսել ազգային արժեքներից, որոնց ևս ֆեյսբուքում բուռն քննարկման արժանացան:
Իհարկե, իրադարձությունները շատ էին, բոլորը չէ, որ տեղավորվում են այստեղ: Իսկ արդեն 2018 թվականը պիտի որ հագեցած լինի կադրային փոփոխություններով, հավանաբար տնտեսական որոշակի աճով, 2019-ին ավելի լավ ապրելու, ավելի բարձր աշխատավարձեր ունենալու սպասելիքներով ու դրանց ուղղված գործնական հաջողություններով…Ամեն դեպքում, Ձմեռ պապից երևի թե բոլորն են դա խնդրում...