28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Բազմավեկտոր քաղաքականության իրացման կարեւոր անկյունադարձը

ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված Արեւելյան գործընկերության համաձայնագիրը բազմաթիվ ուղղություններով հեռանկարային նոր հորիզոններ  է ուրվագծում մեր երկրի համար։

Կար ընդհանուր տպավորություն, որ այս առաջադրանքը առաւելաբար գերակա էր մեր երկրի համար, որ Վիլնյուսում լուրջ խոչընդոտի էր հանդիպել իրականացնելու համար «թե-թե»-ի վարքագիծը։ ԵՏՄ-ի անդամակցությունը փաստորեն խանգարել էր, որ Երեւանը ստորագրի երկարատեւ բանակցությունների իբրեւ արդյունք ասոցացման համաձայնագիրը։ Ըստ էության, պաշտոնական Երեւանի վարքագիծը պահում էր իր հետեւողականությունը։ «Թե՛-թե՛»-ն կամ «Ե՛ւ-ե՛ւ»-ը փաստորեն  միաժամանակ անդամակցելն էր ԵՏՄ-ին, եւ ասոցացվելն էր ԵՄ-ին կամ այլ հարթության վրա անդամակցելն էր ՀԱՊԿ-ին եւ գործակցելն էր ՆԱՏՕ-ի հետ ու մասնակցել նրա զորավարժություններին։

Բրյուսելն էր, որ անհամատեղելի էր նկատում ԵՏՄ-ի անդամակցությունն ու ԵՄ-ի հետ ասոցացվելը։ Բայց շատ չանցած ԵՄ-ի Արեւելյան գործընկերությունը ի՜նքը հայտարարեց, որ առաջադրում է նոր ձեւաչափով համաձայնագիր կնքել Երեւանի հետ։

Ի վերջո, Երեւան-Բրյուսել գործակցությունը ունի քառորդարյա կենսափորձ, որը անցնում է ՀՀ-ի Եւրախորհրդի անդամակցությունից, Համաեվրոպական տարբեր կառույցների Երեւանի աշխույժ մասնակցության բազմաթիւ փաստերից, հասնելու համար երկու տարի առաջ գումարված Ռիգայի գագաթաժողովի ՀՀ-ի ստանձնած պարտավորությունները, որոնք ենթահող պատրաստեցին Արեւելյան գործընկերության նոր համաձայնագրի կնքման համար։

Իհարկե, այս համաձայնագիրը ունեցել է իր ոդիսականը։ Թե՛ եվրոպական եւ թե՛ հայկական վերլուծաբանները ակնարկեցին, բրյուսելյան գագաթաժողովի համաձայնագրին պատրաստ չլինելուն, Մոսկվայի արգելակման միտումների եւ որոնց արդյունք՝ Վիլնյուսի  բեմագրության կրկնվելու հավանականության մասին։

ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամ լինելու փաստը հատուկ նշանակություն է տալիս այս համաձայնագրին, նկատի ունենալով այս դեպքում մեր երկրի եզակի հանգամանքը, կարգավիճակը եւ դրանով իսկ «թե՛-թե՛»-ն ոչ միայն ՀՀ-ին վերաբերված լինելը, այլ նաեւ ԵՄ-ին։

Հիմա պետք է նկատել ուրեմն առաջադրանքների կամ շահերի մեկտեղման երեւույթը։ Նախ, Բրյուսելի դեպքում նկատելին այն է, որ Բրյուսելը ի՜նքն էր, որ Վիլնյուսի տապալմանը անմիջապես հաջորդող ժամանակաշրջանին առաջադրեց նոր ձեւաչափով պայմանագրի պատրաստության անհրաժեշտությունը։ Ի վերջո, ԵՄ-ը եւս տարածաշրջանում գործընկեր պետությունների հետ դեր ստանձնելու քաղաքական բնական միտումներն ունի եւ այս դեպքում ՀՀ-ն, մանաւանդ իբրեւ քաղաքակրթական կամրջող միջավայր, առաջնային դեր է ստանձնում եվրոպական հայեցակետից դիտված։ Փաստորեն, ՀՀ-ն որակվել է  իբրեւ տարբեր ինտեգրացիոն կառույցներ մերձեցնող երկիր՝ առաջնորդելով շահերի հաշտեցման ու համադրման, համագործակցության և համակեցության ոգով։

Այս հիմնաւորումով էլ  բացատարվում է, որ արեւելյան գործընկերության համաձայնագրի նշանակությունը չի սահմանափակվում ՀՀ-ԵՄ գործընկերությամբ, այլ ՀՀ-ին է վերապահում կարմջողի աշխարհաքաղաքական դերակատարություն։

Եւ եթե մի կողմից Բրյուսելը այս կարգավիճակը արժեւորելով է համակարգում իր իրաւաքաղաքական սլաքները Երեւանի հետ, ապա մյուս կողմից Մոսկվան հայտարարում է, որ հարգանքով է վերաբերվում Երեւանի ընտրանքի հետ։

Քաղաքական իրատեսությունը համոզում է, որ նոր համաձայնագիրը Երեւանը ոչ միայն համաձայնեցրլ է Մոսկվայի հետ, այլ Մոսկվան ինքը եւս որոշ շահագրգռվածություն ունի իր գլխաւորած ԵՏՄ-ի անդամ պետության` նման կարգավիճակ ստանձնելու իրականությամբ։

Աշխարհագրական, քաղաքական, քաղաքակրթական  եւ աշխարհաքաղաքական պայմանների նկատառումով Երեւանի ստանձնած դերակատարության ընդգծումը պետք է տեսնել Արեւելյան գործընկերության համապարփակ եւ ընդլայնված այս համաձայնագրի էջերում։ Փաստորեն, Երեւանի որդեգրած բազմավեկտոր քաղաքականության կիրառման համար  ռազմավարական ուղղություն հարթող մեկնարկ պետք է համարել այն, ինչ որ ձեռք բերեց մեր երկիրը իբրեւ պատմական փաստաթուղթ Բրյուսելում։ 

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ