Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահների հանդիպումից հետո համատեղ հայտարարություն է հրապարակվել
Նոյեմբերի 22-ին Սոչիում տեղի ունեցած Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահների հանդիպմանը քննարկվել են Սիրիայում քաղաքական լուծում գտնելու, լարվածությունը մեղմացնելու ու ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարելու հարցեր:
Հանդիպումից հետո հրապարակվել է համատեղ հայտարարություն, որը անդրադառնում է հանդիպման հիմնական թեմաներից մեկին՝ Սիրիայի ազգային երկխոսության համաժողովի կազմակերպմանը:
Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ հայտարարության մեջ շեշտվել է, որ նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հասան Ռոհանին հաստատել են Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության, անկախության, միասնության ու տարածքային ամբողջականության ապահովման վերաբերյալ իրենց պարտավորությունները:
Նախագահները Սիրիայի կառավարության ներկայացուցիչներին և երկրի ինքնիշխանությանը, միասնությանն ու տարածքային ամբողջականությանը կողմ ընդդիմադիր ուժերին կոչ են արել կառուցողական մասնակցություն ցուցաբերել մոտ ապագայում Սոչիում անցկացվելիք Սիրիայի ազգային երկխոսության համաժողովին:
Հայտարարության մեջ նշվել է նաև, որ նախագահները պատրաստակամություն են հայտնում աջակցելու երկրի միասնությունը կրկին վերականգնելու ճանապարհին Սիրիայի բոլոր շերտերի մասնակցությամբ,ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ներքո ազատ և արդար ընտրություններով քաղաքական լուծման հասնելու սիրիացիների քայլերին: