Գերատեսչությունների պաշտոնական կայքերի վիճակն ահավոր է
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի»նախագահ Լիանա Դոյդոյանը հորդորում է լրագրողներին տեղեկատվական հարցումներ անելիս նախապես տեղեկանալ իրավական ակտերի, իրենց իրավունքների մասին: «Բնականաբար, պաշտոնյաներին ևս չէր խանգարի ծանոթանալ իրավական ակտերին և բարեխղճորեն տեղեկատվություն տրամադրել տեղեկատվություն հայցողին: Մենք հասկանում ենք, որ լրագրողները շատ զբաղված են, հաճախ չեն ցանկանում դատարանում վիճարկել հարցը, եթե իրենց չեն տրամադրել հարցման պատասխանը, կխնդրեմ հետևողական լինել, թող դիմեն գոնե մեզ կամ ՀԿ-ներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Ըստ նրա՝ հիմա պաշտոնյաները հաճախ են լղոզված պատասխաններ տալիս: «Գերատեսչությունների պաշտոնական կայքերի վիճակն ահավոր է. հետընթաց է գրանցվում: Միանշանակ, նշել ինչ-որ գերատեսչություն, որը կատարում է օրենքի բոլոր պահանջները, դժվար կլինի: Ես կուզենամ նշել Կառավարության աշխատակազմը` որպես բացասական օրինակ` կայքից սկսած: Կառավարության կայքում մենք չենք կարող գտնել աշխատակազմին վերաբերող ինչ-որ ֆինանսական հաշվետվություն: ԱԱԾ-ի ու ՊՆ-ի մասին էլ են խոսում նման դեպքերում, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ գոյություն ունի տեղեկատվության այնպիսի տեսակ, որը գաղտնի է ու հրապարակման ենթակա չէ: Մարզպետարանների մասին խոսելով` պետք է ասեմ` նրանք ավելի լավ են աշխատում, քան թե կենտրոնական գերատեսչությունները` այդ թվում Կառավարությանը կից գերատեսչությունները», նշեց Լիանա Դոյդոյանը:
«Ինտերնետ հանրություն» ՀԿ ղեկավար Գրիգոր Սաղյանն էլ հավելեց` ընդհանուր առմամբ, հետընթաց է նկատվում ոչ միայն այս ոլորտում, այլև մյուս բլոր բնագավառներում: «Մենք նկատում ենք, որ բոլոր ոլորտներում մակարդակը ընկնում է: Առաջ չէինք գտնի մի պաշտոնյա, որ ռուսերեն չիմնար, իսկ այսօր նույնիսկ հայերենին նորմալ չեն տիրապետում որոշ պաշտոնյաներ: Խորհրդային տարիներին կրթված անձինք ավելի լավ էին աշխատում: Այո’, մենք հետընթաց ունենք բոլոր բնգավառներում», – նշեց Սաղյանը: