23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իսլամական աշխարհը եւ վտանգավոր սադրանքը

Դժգոհությունների ալիքը, որը բարձրացավ համացանցում հայտնված “Մուսուլմանների անմեղությունը” ֆիլմի ցուցադրումից անմիջապես հետո, տարածվում է Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Եվրոպայի եւ Ասիայի մի շարք երկրներում` հասնելով նույնիսկ Ավստրալիա:

Զայրացած մուսուլմանների հարձակումների թիրախ են դառնում ոչ միայն ամերիկյան, այլեւ եվրոպական դիվանագիտական ներկայացուցչությունները:

Իսլամին վերաբերող նմանատիպ ֆիլմերի եւ ծաղրանկարների երեւան գալը նորություն չէր նաեւ անցյալում: Մուսուլմանների կողմից տխրահռչակ ֆիլմի նկատմամբ նման վերաբերմունքը տրամաբանական էր նոր աշխարհաքաղաքական զարգացումներում արագ փոփոխվող մուսուլմանական հասարակությունների համատեքստում, որոնց արձագանքն էլ պետք է ժամանակին եւ զգալի լիներ:

“Մուսուլմանների անմեղությունը” ֆիլմը սադրանք էր` միտված էլ ավելի ապակայունացնելու մուսուլմանական աշխարհում ստեղծված իրավիճակը: Ֆիլմում ներկայացված Մուհամմադ մարգարեի անհարիր եւ անպարկեշտ կերպարը անընդունելի է մուսուլմանների համար: Մարգարեն համարվում է իսլամում այն կերպարը, որը միանշանակ է ընդունվում գրեթե բոլոր մուսուլմանների կողմից, եւ որեւիցե ոտնձգություն եւ անբարյացակամ վերաբերմունք այդ կերպարի հանդեպ պետք է նման արձագանք ունենար իսլամական աշխարհում:

Բացի դա, ֆիլմի արաբերեն թարգմանության հայտնվելը եւս խոսում է այն մասին, որ սադրանքի հեղինակները որպես թիրախ ընտրել են մուսուլմանական լայն զանգվածները:

Այն, որ ֆիլմը շրջանառության մեջ դրվեց սեպտեմբերի 11-ին, 2001թ-ին ԱՄՆ դեմ իրականացված ահաբեկչական գործողությունների օրը, նույնպես պատահական չէր: Միջազգային հասարակությունը, հատկապես իսլամական աշխարհը այդ օրերին աչալուրջ հետեւում է ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկություններին. հենց այդ ժամանակ “Ալ-Կաիդան” եւ այլ իսլամական արմատական կառույցները
ակտիվորեն տեղեկություններ են զետեղում համացանցում կամ հանդես են գալիս նոր մտահաղացումներով, ինչը գրավում է տեղեկատվական դաշտին հետեւողներին:

Առկա են ուժեր, որոնք փորձում են այս դժգոհությունները ուղղորդել դեպի իրենց նախընտրած հուն, եւ այս համատեքստում բավական ակտիվ են իսլամական ծայրահեղականները: Պատահական չէ, որ “Ալ-Կաիդան” հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ոչ միայն կոչ էր անում շարունակել հարձակումները ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների վրա, այլեւ սպանել դիվանագետներին, ինչը, ըստ այդ ահաբեկչական կազմակերպության առաջնորդների ընդդեմ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների իրականացվող համաշխարհային ջիհադի մասն է կազմում:

“Ալ-Կաիդան”հենց սեպտեմբերի 11-ին տարածեց իր արխիվային նլութերից 2001թ-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններին մասնակցած 19 մահապարտներից Խալիդ ալ-Միդարի եւ Սալիմ ալ-Համզիի ելույթների նախքան ահաբեկչական գործողություններն արված տեսագրությունները, որտեղ նրանք կոչ են անում պայքարել ամերիկացիների եւ անհավատ մուսուլմանական իշխանությունների դեմ` ազատագրելու համար իսլամական հողերը:

“Ալ-Կաիդան” նաեւ հայտարարեց, որ հարձակումների պատճառը ոչ միայն “Մուսուլմանների անմեղությունը” ֆիլմն է, այլեւ այդ կազմակերպության առաջնորդներից Յահյա Ալ-Լիբիի սպանությունը, որով ջիհադիստները վրեժ են լուծում ԱՄՆ-ից: Ջիհադիստների կոչերը անարձագանք չմնացին: Զայրացած
անբոխը դուրս եկավ փողոց “Ալ-Կաիդայի” սեւ դրոշը ձեռքներին` վանկարկելով ծայրահեղ իսլամական կարգախոսներ:

Սալաֆիական խմբավորումների ակտիվությունը բացատրվում է նրանով, որ ծայրահեղականները դրանով փորձում են առավել ամրապնդել սեփական ազդեցությունը այն երկրների քաղաքական ներկապնակում, որտեղ նրանք զիջել են իրենց դիրքերը առավել չափավոր արմատականներին:

Պատահական չէ, որ դժգոհությունները սկսվեցին հենց այն երկրներում, որոնք “Արաբական գարնան” ենթատեքստում առաջինը ենթարկվեցին փոփոխությունների (Լիբիա, Եգիպտոս, Եմեն եւ այլն): Համընդհանուր քաոսային իրավիճակը ծայրահեղականներին հնարավորություն է ընձեռում քաղաքական ակտիվ պայքարի միջոցով հասնել հաջողությունների` նոր իրողություններին համահունչ վերափոխելով եւ վերաձեւակերպելով արմատական գաղափարախոսությունը:

Այս համատեքստում տարածաշրջանում քաղաքական նախաձեռնությունը կարող է անցնել վերջին ժամանակներում լուրջ վնասներ կրող “Ալ-Կաիդային”, կամ նրա գաղափարախոսությունը կիսող այլ ծայրահեղական խմբավորումներին, որոնք էլ ավելի թեժացնելով ստեղծված իրավիճակը, փորձում են ամրապնդել դիրքերն անկայուն եւ փոփոխությունների ենթարկվող տարածաշրջանում:

Իսլամում աշխարհիկ եւ կրոնական հիմնադրույթների միասնությունը, ինչպես նաեւ աշխարհի բաժանման, որպես պատերազմի եւ իսլամի տարածքների ընկալումը, մուսուլմանների կողմից արեւմուտքին ուղղված մարտահրավերներին տալիս է առավել սրություն եւ կոշտություն:

Մուսուլմանական երկրներում առաջացած դժգոհություններն այսքան զանգվածային եւ համընդհանուր չէին լինի, եթե նրանք չստանային մուսուլմանական լայն զանգվածների աջակցությունը: Անկախ այն հանգամանքից, թե գործ ունենք առաջադեմ թե պահպանողական, չափավոր թե արմատական կամ ծայրահեղական, սուննի, շիա, սուֆի կամ այլ ուղղության պատկանող մուսուլմանների հետ, նրանց կրոնական կենսակերպին եւ հիմնարար կրոնական սկզբունքներին ուղղված որեւէ ոտնձգություն կարող է հարվածել մուսուլմանների էթնիկ-դավանական ինքնագիտակցությանը, որը կարող է վերաճել լուրջ բախումների, ինչն էլ նկատվում է այսօր ամբողջ աշխարհում:

Սարգիս Գրիգորյան, իսլամագետ

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ