Իրավիճակը մոտ է ողբերգականին. Հայկական Ժամանակ
Երեկ առավոտը բացվեց չափազանց ծանր լուրով. ԼՂՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում, այսինքն աոաջնագծում ինժեներական աշխատանքներ կատարելիս, հակատանկային ականի պայթյունի հետեւանքով երեք զինծառայող է զոհվել 22-ամյա սպա Գեղամ Զաքարյանը, ժամկետային զինծառայողներ 19-ամյա Սարգիս Աբրահամյանը եւ 20-ամյա Սարգիս Մելիքյանը: Իսկ 19-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում, նրա վիճակը գնահատվում է ծանր:
Միանշանակ կարող ենք ասել, որ երեկ հայ հանրությունը ցնցված էր այս տեղեկությունից: Իսկ ի՞նչ է սա նշանակում գործնականում: Նման լուրերն ու ցնցումները արդեն սովորական են դառնում հայ հանրության համար, այն իմաստով, որ լուրը ստանում ենք, խորը կսկիծ ապրում, դառնանում մինչեւ ֆեյսբուքյան լրահոսում կհանդիպենք մի ինչ-որ զվարճալի հոլովակի կամ էլ կշեղվենք առօրյա գործերով:
Մինչդեռ ժամանակն է, վաղուց ժամանակն է ավելի երկար կանգ առնել այս եւ նմանօրինակ այլ դեպքերի վրա, որովհետեւ գրեթե ակնհայտ է, որ երեք տղաների մահվան պատճառը ոչ թե ադրբեջանցիների, այլ հայկական զինված ուժերի տեղադրած կամ այդ պահին տեղադրվող ականն է եղել: Եթե զոհերը լինում են նույնիսկ մարտական իրավիճակում, մենք լրջորեն պետք է փոխենք մեր վերաբերմունքը տեղի ունեցողի նկատմամբ: Որովհետեւ երեկվա մեկնաբանությունների մեջ կրկին լսում էինք նախադասություններ, որոնց մեր ականջը սովորել է, բայց իրականում դրանք զարհուրելի, անթույլատրեփ նախադասություններ են:
Օրինակ՝ հաճախ լսում ենք. «Դե մենք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, եւ պետք է հասկանանք, որ ունենալու ենք նաեւ զոհեր»: Երեկվա միջադեպի մասին էլ ասվում էր, թե պարտադիր չի, որ միջադեպը ինչ-որ մեկի սխալի հետեւանքը լինի: Սա ուղղակի կործանարար մոտեցում է: Քավ լիցի, ոչ ոք չի ասում, թե պատերազմում զոհեր չեն լինում: Խոսքը ուրիշ բանի մասին է. արդյո՞ք մենք որպես պետություն եւ հանրություն ամեն ինչ արել ենք, որ նման զոհեր չունենանք:
Արդյո՞ք տվյալ զորամիավորման հրամանատարը, նրա հրամանատարի հրամանատարը, մատակարարը, արտադրողը, դասավանդողը, իրականացնողը իրենց պարտականությունների կատարման մեջ չեն թերացել: Եթե թերացել են, ինչու՞ են թերացել: եվ ի՞նչ պատասխանատվության են նրանք ենթարկվելու, եւ ի՞նչ միջոցներ ենք մենք ձեռնարկելու, որ նման անպատասխանատու մարդիկ հետագայում ուրիշների կյանքերի հետ չխաղան: Նույնիսկ մարտական իրավիճակները պետք է ենթարկվեն մանրազնին քննության, սկսած դրա նախապատրաստական փուլից, վերջացրած ընթացքով ու ավարտով: Եվ այս վերլուծությունը կամ նրա արդյունքները պետք է հրապարակային եւ հասանելի լինեն հանրության համար, որովհետև եթե նույնիսկ ադրբեջանցի դիպռւկահարն է սպանության հեղինակը, դա դեռ չի նշանակում, թե տեղի ունեցածի մեջ այս կողմում մեղավորներ չեն կարող լինել: Այստեղ էլ ծագում են բազմաթիվ հարցեր սկսած դիրքերի կահավորումից, շարունակած զինվորների կրթությամբ եւ կարգապահությամբ, ավարտած կանխարգելիչ այլ գործոններով: Վերը նշված բոլոր ուղղությունները ունեն իրենց պատասխանատուները թե կոնկրետ այդ դիրքում, թե ՛ զորամասում, թե կորպուսում եւ թե՛ գլխավոր շտաբում ու պաշտպանռթյան նախարարռթյունում
Եվ եթե այս տեսակետից ենք մոտենռմ խնդրին, հասկանալի է դառնում, որ իրավիճակը մոտ է ողբերգականին,
որովհետեւ մինչև օրս էլ չորսօրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցածը չի վերլուծվել, ոչ ոք հաշվետու չի եղել ինչէ տեղի ունեցել եւ ինչու: Երբ այս թեմայի մասին խոսակցություն է գնում, հանրապետականները սկսում են ոգևորվել, թե 2016-ին Ադրբեջանըն ուզում էր գրավել Ղարաբաղը և չկարողացավ ուրեմն տեղի ունեցածը մեր հաղթանակն : Լավ, հասկացանք Ադրբեջանը ուզում էր գրավել Ղարաբաղը և չկարողացավ, բայց մենք էլ 800 հեկտար տարածք կորցրինք: Ուրեմն մենք ի՞նչ, ուզու՞մ էինք այդ տարածքները կորցնել: Եթե ուզում էինք կորցնել ու կորցրինք, սրանից քրեական պատասխանատվության հոտ է գալիս, եթե չէինք ուզում կորցնել, բայց կորցրինք, էստեղ էլ պատասխանատվության հարց կա, ու այս պատասխանատվությունը մինչև օրս ոչ ոք չի կրել: Համենայնդեպս հանրությունը դրա մասին ոչինչ չգիտի:
Եթե որեւէ մեկը կասի, թե բա Պաշտպանության նախարարությունում պաշտոնանկություններ եղան, մենք պետք է ասենք, որ դա ոչինչ չի նշանակում: Իսկ ո՞վ է ասել, որ քառօրյա պատերազմի ձախողումների պատասխանատուները հենց նրանք են կամ միայն նրանք են, ովքեր պաշտոնանկ են արվել: Եթե այդպես է, թող հստակ ասվի ՝ ով ինչի համար է պատասխանատու եւ ով ինչի համար է պաշտոնանկ արվել: Գուցե պատասխանատուները նրանք են, ովքեր պաշտոնանկ չե՞ն արվել, մասնավորապես գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները կատարող անձը: Եվ ընդհանրապես, սա ի՞նչ բացատրություն է, թե Ադրբեջանը չկարողացավ անել այն, ինչ ուզում էր, ուրեմն դա մեր հաղթանակն է է, վաղը Ադրբեջանը կարող է Երեւանը գրավելու օպերացիա մշակել, բայց Սեւանից առաջ չկարողանա գալ էդուարդ Շարմազանովը պիտի հայտարարի, թե սա մեր հաղթանակն է, որովհետեւ թուրքերը Երեւանն էին ուզում գրավել, բայց կարողացան միայն Քելբաջարն ու Գեղարքունիքի մա՞րզը գրավել:
Այս տափակ բռավադայից պետք է հրաժարվել, որովհետեւ բոլոր նրանք, ովքեր տեսել են Լելե-Թեփե բարձունքը, որն ադրբեջանցիները մեզնից գրավեցին ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում, պիտի ուժ ունենան եւ խոստովանեն, նման բարձունքը խլել հնարավոր էր միայն այն բանակից, որտեղ կատարյալ բարդակ է տիրում:
Վթարներ, ինքնասպանություններ, պայթյուններ, ոչ կանոնադրական հարաբերություններ, 800 հեկտար տարածքի կորուստ, հարյուրավոր զոհեր և բանակից փախչող զանգվածներ: Այլեւս բավական է. եկեք խոստովանենք, որ մեր բանակում կատարյալ բարդակ է տիկնայք և պարոնայք: