«Մարդիկ ցածր աշխատավարձով պիտի իրենց առողջության մասին հոգան․ դա անիրատեսական է»
«Պարզվում է` մեր երկրում ապրող օլիգարխները, որոնք կարողանում են իրենց շահույթից 50-60 ավելի մեծ ծախսեր անել իրենց բուժման և հանգստի վրա, դղյակներ կառուցել, հեռու են ստվերից՝ իրենց մոտ ստվեր չկա։ Ավելին՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն օրերս մի միտք արտահայտեց՝ պնդելով՝ ստվերը հիմնականում մանրածախ առևտրի մեջ է։ Էդ խեղճ մանրածախ առևտրով զբաղվողը կարողացե՞լ է մի հատ դղյակ կառուցել, կամ էլ գոնե մի տուն։ Այս խեղճ մարդիկ հազիվ իրենց կեցության պայմաններն են ապահովում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը
Անդրադառնալով 2018 թ. բյուջեին՝ բանախոսը շեշտեց՝ այն մարդու նկատմամբ հոգատարություն ցույց չի տալիս։
«Նախորդ տարի ու այս տարի մեզ խոստանում էին, որ լինելու է մի բյուջե, որը երկրի ռազմավարական զարգացման ուղիները պիտի ներկայացներ՝ փաստերով, ներդրումների մասին տվյալներով։ Բայց իրավիճակն այսօր այնպիսին է, որ մեր երկրում չեն կարող բարձրացնել թոշակները, աշխատավարձերը։ Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր պետություն պիտի հոգա իր քաղաքացու առողջության մասին, բայց կարդացի պարոն Ալթունյանի ռեֆորմը ու հասկացա՝ մարդու նկատմամբ մեր բյուջեն հոգատարություն չունի։ Մարդիկ իրենց ցածր աշխատավարձով պիտի իրենց առողջության մասին հոգան, իսկ դա իրատեսական չէ։ Կրթության ոլորտի մասին էլ լավ բան ասել չեմ կարող։ Աշխարհաքաղաքական պայմանները մեր երկիրը մեկուսացնում են, իսկ մենք մի գլոբալ ծրագիր չենք մշակում, որ կարողանանք դուրս գալ այս ճգնաժամից, որ ժողովուրդն իր իշխանությունների նմատմամբ հավատ ունենա», – նշեց Արամ Սարգսյանը։