«Սեյրան Օհանյանը երևի ամենաուրախ մարդկանցից մեկն է լինելու, որ նման օրենսդրություն ընդունվի»
ԱԻՆ նախարար, Պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Տոնոյանը վստահեցնում է՝ պաշտոնյաների տղաները, եթե առողջ լինեն, կգնան առաջնագիծ: «Ես համոզված եմ, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի հավասարություն ստեղծվի»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Նախարարը համակարծիք չէ այն տեսակետի հետ, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագիծը բանակում մարդաքանակ ապահովելուն է միտված .«Այս օրինագիծը լուծում է ոչ միայն ձեր նշած արդարության հարցը, այլև ռազմաքաղաքական իրավիճակից ելնելով և ժամկետային զինվորական ծառայության պահպանման պայմաններում սա որոշակի կարգավորումներ է նախատեսում»,-նշեց Տոնոյանը:
Հարցին՝ ինչու Սեյրան Օհանյանի օրոք չընդունվեց նման օրենսդրություն, Տոնոյանը պատասխանեց, թե սա գործընթաց է, որը մեկ նախարարը փոխանցում է մյուս նախարարին: Ավելին՝ Տոնոյանը վստահեցրեց, որ այս այս գործընթացի մեկնարկը նոր չէ տրվել՝ հիմքը դրվել է դեռևս նախկին Պ նախարար Սեյրան Օհանյանի օրոք: «Այս մասին քննարկումներ նախկինում անցկացվել են: Ես կասեմ, որ Սեյրան Օհանյանը երևի ամենաուրախ մարդկանցից մեկն է լինելու, որ նման օրենսդրություն ընդունվի»,- շեշտեց Դավիթ Տոնոյանը:
Դավիթ Տոնոյանը ճիշտ չի համարում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի կատարած գրառումները մեկնաբանելը։
«Խոսքը անձնական գրառումների մասին են, և ես խնդրում եմ այդ հարցերը չշարունակել»: Հարցին, թե Ռ.Խաչատրյանի գրառումներում Դ.Տոնոյանն արդյոք պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին ուղղված ակնարկ տեսել է, ԱԻ նախարարն ասաց. «Չեմ մեկնաբանում։ Ակնարկ չեմ տեսել»։
Հարցին, թե նորմա՞լ է համարում կնոջ միջոցով նախկին ու ներկայիս պաշտպանության նախարարների միջև հեռակա բանավեճը, ԱԻ նախարարը պատասխանեց. «Չեմ մեկնաբանում»։