«Ի դեմս մեր նախագահի՝ ունենք ղարաբաղյան խնդրի, պաշտպանության, անվտանգության հարցերում բավականին հզոր մեկը»
«Հանրապետության նախագահը` որպես իմ ղեկավար, որպես անվտանգության երաշխավոր, կատարում է իր բոլոր գործառույթները»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարար, ՀՀԿ անդամ Հրանուշ Հակոբյանը:
Հարցին՝ նշանակում է, որ Ձեզ համար էլ Սերժ Սարգսյանը երկրի անվտանգության երաշխավորման տեսանկյունից անփոխարինելի է, Հրանուշ Հակոբյանը պատասխանեց.
«Իհարկե: Մեր անվտանգության, Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում չկա մեկ այլ անձնավորություն, որ այդքան տիրապետում է բոլոր նրբություններին, գիտի բանակցային գործընթացը, գիտի՝ ինչ է կատարվում Մինսկի խմբում, ինչպիսին է Ադրբեջանի վերաբերմունքը և այլն, և այլն: Կարծում եմ, որ մենք՝ ի դեմս մեր նախագահի, ունենք ղարաբաղյան խնդրի, պաշտպանության, անվտանգության հարցերում բավականին հզոր մեկը»:
Նախարարն, անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքին, ասաց, թե իր գնահատմամբ՝ նա լավ է աշխատում. «Կարծում եմ՝ ավելորդ լարվածություն եք մտցնում, եկեք խոսենք գործերի, ծրագրերի մասին: Ամեն ինչ անձնավորում եք»,- եզրափակեց Հրանուշ Հակոբյանը: