Պաշտոնատար անձինք հանցավոր համագործակցության բաղադրիչներ են. թեժ իրավիճակ դատարանում
Ավան և Նոր-նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նոյեմբերի 1-ին ընթացող «Սասնա ծռեր-3 » խմբի գործով դատական նիստի ժամանակ «Սասնա ծռեր»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը դատարանին անվանեց «իշխանությունների հաշվեհարդարի գործիք»:
Ավետիսյանը դիմելով դատարանին դատարանին ասաց. «Հայաստանի Հանրապետությունում հանցագործները զավթել են պետությունը, իսկ պետությունը դարձրել են իրենց հանցագործությունների կատարման գործիք: Ըստ այդմ, պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք հանցավոր համագործակցության բաղադրիչներ են: Չեմ կարող որպես ՀՀ քաղաքացի ընդունել ձեզ, դուք հաշվեհարդարի գործիք եք, հաշվեհարդարի մեքենայի բաղադրիչ, իսկ սա դատավարություն չէ, այլ հաշվեհարդար»:
«Իրականության մեջ մենք արդարության մարտիկներ ենք, իրացրել ենք մեր իրավունքը»,-հայտարարեց Վարուժան Ավետիսյանը:
Նշենք, որ այս գործը քննում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան գործուղված դատավոր Մեսրոպ Մակյանը:
Այս մասով մեղադրյալներն են՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը, Էդվարդ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: