Ո՞ր նորմալ մարդն է ծեծուջարդին կողմնակից, բռնության կողմնակից. Շարմազանով
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հերքում է մամուլում այսօր տարածված տեղեկությունը, թե ՀՀԿ-ն «քֆուր էկերել» ու պնդում է, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագիծը չի ընդունվի։
«Դրանք պրիմիտիվ խոսակցություններ են, ի՞նչ է նշանակում քֆուր է կերել։ Մենք պարզապես ասում ենք, որ օրենքի նախնական տարբերակում կան վիճահարույց կետեր, մենք քննարկումներ ենք անում, դրանք նրա համար են, որպեսզի բերենք օրենքն այն տեսքին, որ, ըստ մեզ, ավելի ընդունելի են: Լսումների ժամանակ նաև այլ խմբակցություններից են մտահոգություններ հայտնել այս օրենքում նախնական տարբերակի հետ կապված»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Շարմազանովը հիշեցրեց՝ առաջին անգամը չէ, որ օրենքի նախագծում փոփոխություններ ու բարելավումներ են արվում: «Կան բազմաթիվ կետեր. տնտեսական բռնության հետ կապված որոշակիություն չկա, ինչ է հոգեբանական բռնությունը, որոշակիություն չկա, ամեն մեկը մի ձև է մեկնաբանում, ապասատարանների հարցը, ծնողների հեղինակության հետ կապված խնդիրներ կան: Այնպես չէ, որ իմ ասածը վերջին ճշմարտություն է: Մենք ազգային պահպանողական կուսակցություն ենք, ու մենք գտնում ենք, որ հասարակության հիմքը ավանդական հայկական ընտանիքն է, և բոլոր խնդրահարույց կետերը ավանդական հայկական ընտանիքին, պետք է վերացնել:
Ավանդական հայկական ընտանիքը ծեծուջարդը չի, ո՞ր նորմալ մարդն է ծեծուջարդին կողմնակից, բռնության կողմնակից: Մենք բոլորս բռնությանը դեմ ենք»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ այս օրենքը ԵՄ պահանջն է, և ՀՀԿ-ն չի կարող դեմ գնալ ԵՄ պահանջին, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց.« Կարծում եմ՝ այս օրենքը բարեփոխվելու է, իսկ ես իմ մի ձայնի տերն եմ»: Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ անհրաժեշտություն է մանրամասն ներկայացնել օրենքի սոցիալական անհրաժեշտությունը՝ հասկանալու, թե արդյոք այս օրենքի անհրաժեշտությունը կա: «Մենք սրանով ֆիքսում են, որ ընտանիքում կա բռնություն, ինչու ենք գրում ընտանեկան բռնություն, կարելի է գրել ընտանիքի բռնություն: Եթե բռնությունը է, պետք է դատապարտվի, այնպես չլինի, որ մենք սարից իջած վայրենիներ ենք և ասում ենք, որ, այո՛, պետք է տղամարդը կնոջը ծեծի, ծնողներն էլ՝ երեխաներին»,-ընդգծեց Էդուրադ Շարմազամովը՝ նկատելով, որ ինքը լիբերալ կուսակցության անդամ չէ: