ՀԵՀ-ը մի շարք միջոցառումներ կնվիրի երիտասարդներին՝ ուսանողության և երիտասարդության տոների առթիվ
Նոյեմբերը երիտասարդական ամիս է։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին նշվում է Երիտասարդության համաշխարհային օրը, իսկ նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային տոնը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես մի շարք միջոցառումներ կիրականացնի՝ նվիրված երիտասարդական տոներին։
Միջոցառումները կմեկնարկեն նոյեմբերի 10-ին «Երաժշտական ավտոբուս» ծրագրով։ Կոնսերվատորիայի ուսանողներն ավտոբուսով կշրջեն երևանյան բուհերով, մայրաքաղաքով և իրենց կատարումներով կշնորհավորեն երիտասարդներին համաշխարհային օրվա առթիվ։
Նոյեմբերի 11-ին Հայաստանի նկարիչների միությունում կբացվի «Մի կտոր կրակ» խորագրով ցուցահանդես-մրցույթը։ Իրենց աշխատանքները կներկայացնեն երիտասարդ արվեստագետները։
Նույն օրը ֆուտբոլային խաղում ուժերը կչափեն քաղաքական գործիչներն ու ուսանողական կառույցների ներկայացուցիչները։
Նոյեմբերի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Երևանի պետական կոնսերվատորիայի Էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի 20-ամյա հոբելյանին նվիրված երեկո։ Համերգի ընթացքում ելույթ կունենան ջազի և էստրադայի ճանաչված արտիստները, ամբիոնի դասախոսները, շրջանավարտներն ու ուսանողները` Աննա Մայիլյան, Անուշ և Ինգա Արշակյաններ, Էմմա Ասատրյան, Արամո, Էրիկ, Սոնա Ռուբենյան, Սոնա Շահգելդյան, Քրիստինե Պեպելյան և այլք։
Երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում բուհերում կպարգևատրեն լավագույն ուսանողներին, կանցկացվեն բազմաբնույթ ծրագրեր։
Եվ նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային օրը, տոնական համերգով կամփոփվի միջոցառումների շարքը. Մարզահամերգային համալիրում տեղի կունենա Արամ MP3-ի և Սևակ Խանաղյանի համերգը։