Արա Սաղաթելյանը խոստանում է
Խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը ներկայացնելով խորհրդարանին հատկացվող բյուջետային միջոցներն նաև հայտնեց, որ նոր նախագծով նախատեսվում է առավել հարմարավետ պայմաններ ստեղծել լրատվամիջոցների աշխատակիցների համար․ «Կստեղծվեն լրատվամիջոցների համար նոր միջավայրեր, որոնք կնպաստեն աշխատանքի արդյունավետության բարձրացմանը»։ ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը խնդրեց հստակեցնել, թե ինչ պայմաններ են լինելու լրատվամիջոցների համար։ Սաղաթելյանը պատասխանեց, որ նախատեսում են լրագրողների համար երկու լրացուցիչ միջավայր ստեղծել․
«Ազգային ժողովում կհատկացվեն առանձին տարածքներ՝ ժամանակակից տեխնիկայով, օդորակիչներով հագեցած, այնտեղ կլինեն համակարգիչներ, նորմալ համացանց և պատշաճ աշխատանքային պայմաններ։ Այսինքն՝ ժամանակակից մեդիա միջավայր կլինի»,-ասաց Սաղաթելյանը։ Վերջինիս խոսքով՝ խորհրդարանում հավատարմագրված լրագրողը կարող է ցանկացած պահի գտնվել այդ տարածքում և աշխատել՝ հետևելով հանձնաժողովի, նիստի աշխատանքներին և այլն։ «Եվ ոչ թե միջանցքում ընկճված նստեն»,-ասաց նա։ Մարգարիտ Եսայանն արձագանքեց, որ ըստ իրեն նման մեկնաբանությունից հետո այլևս ոչ մի լրագրող միջանցքում ընկճված չի նստի։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն էլ զարմանքով արձագանքեց․ «Որտե՞ղ եք էդքան ընկճված լրագրող նստել, ոչ միայն այս շենքում, այլ ընդհանրապես»։