Կրճատումներ նախագահականում
Այս տարի արդեն երկու անգամ նախագահականի աշխատողների թվաքանակի կրճատումներ են եղել. այսօր խորհրդարանում հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը՝ ի պատասխան «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչ է լինելու նախագահականի աշխատակիցների ճակատագիրը 2018 թվականին:
Գևորգյանն ասաց, որ դեռևս 120-130-ով պիտի նվազի նախագահի աշխատակազմը, և արդեն Սահմանադրության փոփոխության համաձայն փոփոխված լիազորություններով նախագահականի աշխատակիցների թիվը մաքսիմում 200 պետք է լինի, բայց դա էլ կարող է նվազել մինչև 180: «Ամեն օր աշխատում ենք:
Ինչ վերաբերում է աշխատակիցների ապագահին, մենք փորձում ենք թափուր կամ չօգտագրծվող պաշտոնները կրճատել, այն աշխատակիցները, ովքեր գործող մասնագետներ են, տարիքից ելնելով լուծումներ են ընդունվում»,-նշեց նա: Գևորգյանը հայտնեց, որ մի մասը կադրերի ռեզերվ է գնում, մի մասը թոշակի է անցել, ամեն դեպքում փորձում են որակյալ մասնագետներին աջակցել կամ օգնել որ աշխատանքի անցնեն այս կամ այն պետական մարմիններում, որպեսզ չկորցնենք նման մասնագետներին: