«Անդրիաս Ղուկասյանն ասաց՝ պիտի գնանք, ջարդենք, փշրենք».նոր մանրամասներ
Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սարի թաղում 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով դատաքննությունը:
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին սկսվել է վկաների հարցաքննության փուլը:
Առաջին հարցաքննվող վկան Գեղամ Սահակյանն է: Վկան նշեց, որ ունի թերի բարձրագույն կրթություն, նախկինում խարդախության մեղադրանքով դատապարտված է եղել, ներկայումս աշխատում է տոնավաճառում որպես պահակ:
Վկան պատմել է, որ ամբաստանյալ Անդրիաս Ղուկասյանին ճանաչում է 2015թ.-ից, մտերիմ հարաբերությունների մեջ են եղել: Անդրադառնալով 2016թ. հուլիսյան դեպքերին՝ Գեղամ Սահակյանը հայտնել է, որ «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում հանդիպել է Անդրիաս Ղուկասյանին, որն էլ իրենից հետաքրքրվել է, թե Գլինկա եւ հարակից փողոցներում ոստիկաններ կան, թե ոչ:
«Ես էլ հարցրի, թե որն է Գլինկա փողոցը, Անդրիասը բերեց քարտեզ, որի վրա նշումներ կային, ցույց տվեց այդ փողոցը, ես էլ ասացի՝ էդ հատվածում ոստիկաններ չկան: Հարցրի, թե ինչի համար ես հարցնում, Անդրիասն ասաց, որ միտինգ պիտի անենք, ժողովրդին տանենք, բորբոքենք, որ գնանք, տղաներին միանանք: Անդրիասն ասաց, որ պիտի ժողովրդին ոգեւորեին, անպայման պիտի միանան, տղաները մեզ են սպասում: Անդրիասն ասաց՝ պիտի գնանք, ջարդենք, փշրենք: Նա ինձ ասաց նաեւ, որ երկու տարբեր փողոցներով մարդկանց պիտի տանենք, որ ոստիկանությանը խուճապի մատնեն: Ես էլ ասի՝ զգույշ եղի, եթե Ալեք Ենիգոմշյանին ձերբակալել են, քեզ էլ կձերբակալեն»,- պատմել է վկան:
Վկայի խոսքով՝ հուլիսի 29-ին կեսգիշեր անց ինքը զանգել է Անդրիաս Ղուկասյանին, երբ լսել է այդ իրադարձությունների մասին, սակայն հեռախոսին պատասխանել է Անդրիաս Ղուկասյանի կինը. «Տիկին Անահիտն ասաց, որ Անդրիասը հեռախոսը տանն է թողել, դրանից հետո որոշ ժամանակ անց ինձ քննիչները կանչել են»:
Անդրիաս Ղուկասյանը հարցրել է , թե ինչու է վկան թաքցրել տեղեկությունները, որ 20 տարի հաշվառված է «Ավան» հոգեբուժական կենտրոնում եւ այդ ընթացքում նաեւ հարկադիր բուժում է ստացել, Գեղամ Սահակյանը պատասխանեց. «Դա իմ անձնական խնդիրներն են, այս դատի հետ կապ չունի… այո, ես բուժում ստացել եմ, թե ինչ հիվանդությամբ եմ բուժում ստացել, չգիտեմ, չեմ հարցրել»:
Հիվանդության վերաբերյալ այլ հարցեր դատավորը արգելել է հնչեցնել՝ պատճառաբանելով, որ դրանք մեղադրանքի հետ առնչություն չունեն:
Անդրիաս Ղուկասյանը հետաքրքրվել է, թե ինչու է թաքցրել նախաքննական մարմնից, որ 2016թ. հուլիսի 17-ին առավոտյան 08:00-ի սահմաններում երեք անգամ խոսել է Գագիկ Եղիազարյանի հետ, վկան պատասխանեց. «Ինձ դրա մասին չեն հարցրել, թե ինչ եմ ես խոսել Գագոյի հետ, չեմ կարա ասեմ, կներեք, կարող ա շատ բան խոսած լինեմ: Ինձ Գագոն ասաց՝ մարդ հավաքի, ես էլ ասել եմ՝ չեմ կարա»:
Գեղամ Սահակյանն ու Գագիկ Եղիազարյանը, ըստ գործում առկա նյութերի, հուլիսի 17-ին, 18-ին եւ 19-ին բազմիցս զրուցել են:
Վկան հերքել է ամբաստանյալի հայտարարությունը, թե 2016թ. հուլիսի 22-ին իրենից հետաքրքրվել է, թե որտեղ է գտնվում Գարեգին Չուգասզյանը:
Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին Երեւանում զանգվածային անկարգություններ է կազմակերպել, ինչպես նաեւ փորձել է միանալ 2016 թվականի հուլիսի 17-ին Երեւանի Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ Հայաստանի ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
Անդրիաս Ղուկասյանը կալանքի տակ է: