Հայաստանում ընտանիքը ամենաառողջ կորիզն է. ԱԺ փոխնախագահը ազգային արժեքների մասին
І«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի նախնական տարբերակը խնդրահարույց է, Հանրապետական կուսակցության շատ ներկայացուցիչներ մտահոգություններ ունեն այս նախագծի հետ կապված»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ Հանրապետականները ներկայումս քննարկում են օրինագիծն ու առաջարկություններ ներկայացնում:
«Մենք պահպանողական կուսակցություն ենք, պահպանողականներն ազգային արժեքների, ավանդական ընտանիքի, եկեղեցու, մասնավոր սեփականության գաղափարների բացարձակ կրողներն են, սրանք մեզ համար բացարձակ արժեքներ են: Հանրապետականներս ազգային ավանդական ընտանիքի կողմնակից ենք, այն դրույթները, որոնք հակասության մեջ կմտնեն մեր ազգային ավանդական արժեքների հետ, խնդրահարույց են մեզ համար»,- նշեց Շարմազանովը:
Էդուարդ Շարմազանովի խոսքով` պետք է ամեն բան անենք, որ վտանգի տակ չդնենք մեր ավանդական ընտանեկան արժեքները, մյուս կողմից պետք է քննադատենք բռնությունը, բոլորս էլ դեմ ենք բռնություններին, հայ մարդու համար բռնությունը երբեք գործելաոճ չի եղել:
«Կնոջ, մոր դերը մշտապես բարձր է եղել մեր հասարակության մեջ, եթե 10 շեղվածներ բռնություն են կիրառում, չպետք է դա տարածել բոլոր հայկական ընտանիքների վրա եւ ասենք, որ Հայաստանում կա ընտանեկան բռնություն: Հայաստանում ընտանիքը ամենաառողջ կորիզն է»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը: