Կարող Եղնուկյանը վատացավ. նիստը հետաձգվեց
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ՝ հոկտեմբերի 26-ին շարունակվեց «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:
Այսօրվա նիստում «Սասնա ծռեր»-ին աջակցելու համար մեղադրվող Կարո Եղնուկյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը մերժվեց: Մերժվեց նաև գործը առանձին քննելու մասին փաստաբան Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը:
Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ գործում երկու մեղադրական եզրակացությունները պետք է մի հատ դառնան, որտեղ առանձին-առանձին կնշվի յուրաքանչյուր ամբաստանյալի վերաբերյալ մեղադրանքը:
Կարո Եղնուկյանն էլ, միանալով իր պաշտպանի ներկայացրած միջնորդույթանը, նշեց. «Մեղադրական եզրակացության մեջ ինձ վերաբերող հատվածը միայն 40 էջն է, որը պիտի առանձնացնել 40 հազար էջից. ոչ վկաներ կան իմ դեմ, ոչ առերեսում կա, ոչ ցուցմունք, 40 էջը երկու նիստով կվերջացնենք»:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց միջնորդությունը:
Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը վատացավ ու նիստը հետաձգվեց:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը կքննեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: