20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նա կհոգա պետքերդ բոլոր

Աստվա՛ծ անսահման. անթարգմանելի՛ Հարազատ Ծնունդ Մե՛ն միակ Աստծո, Արարի՛չ բոլոր արարածների, Քրիստո՛ս Արքա, Լո՛ւյս խավարի մեջ մթնած սրտերին, որ մեր մեջ եկած Մա՛րդն Ես կատարյալ, իսկ Առաքչիցդ՝ իսկությա՛մբ Աստված, մերայիններիս հրաշալիորե՛ն Քեզ ճանաչեցնող: Քո Հայրն է Օրհնյա՜լ, Երկնավո՜ր, Անճա՜ռ, որ բարձունքներից Քեզ վար առաքեց, Ում փառակիցդ Ես արարչության մեջ, Նրա, որ այնքա՜ն սրբորեն հոգաց փրկությունը իմ, որ գերի՛ էի սոսկ մի տարագիր, որ Ուղարկեց Քեզ և մատնեց մարդկանց՝ հանո՛ւն իմ կյանքի: Դու ամեն բանում գոյությամբ Կարո՛ղ՝ վե՛ր, քան վշտերն իմ, ըստ տնտեսության Քո Սուրբ Խորհրդի՝ պարտքերիս դիմաց հաճեցար ահա մահվան բաժակը լմա՛ն ճաշակել՝ միա՛կ անթերի Մարդը լինելով, իսկ Աստվածությամբ՝ վե՛հ ու աննվազ: Եվ Սուրբ Հոգո՛վ Ես Դու Կենդանարար, որ Իսկակիցն է և Քո և Քո Հոր, և Համապատիվ՝ Մեկ Նույն Էությամբ Քո Ծնողին և՝ Քե՛զ իսկ՝ Ծնվածիդ: Մե՛կ Երրորդությամբ, սակայն Կատարյալ, Երեք Սուրբ Անձեր՝ Մե՛կ նպատակով, որ Անսկիզբ է և Անժամանակ և Բարերա՛րն է ողջ Տիեզերքի, Կենդանարարը համայնի կյանքի և Խաղաղարար յուրաքանչյուրին, Գոյի՛ Ստեղծիչ և Հորինո՛ղը ամեն ամենքի՝ Կյանք ծագեցնո՛ղը անքանակությամբ և Մեկ Բնությամբ՝ վե՛հ փառքերի մեջ:

Բ
Իսկ երբ որ Հայրը՝ Գթա՛ծ, Երկնավո՛ր, Հզո՛ր, ՆույնաԷ՛, իմ՝ մահապարտիս հանցանքի դիմաց՝ Քե՛զ իսկ մատուցեց որպես քավություն, միակ Ծննդիդ Անքննին Ծոցի, ապա Դու՝ Որդիդ, համապատիվդ և Սիրելիդ Հոր, դեմ չգնացի՛ր որևէ բանով, այլ Քո՛ իսկ կամքով տրվեցիր մահով չարչարողներին, ըստ Զաքարիայի մարգարեության, որովհետև որ զարթնել էր սուրը Հովվի վրա, և բռնադատել Հովվապետի՛ն՝ ոչխարների հոտն այդպես ցրելո՛վ, այնպես, ինչպես որ նուրբ օրինակն էր նախագրվածքի՝ հանո՛ւն խորանի ուխտադրության: Եվ նվիրումը սպանդով արյան, որ առակ խորհուրդն էր աբրահամյան հին պատարագի, որով թշվառիս փրկություն բերիր՝ Կեցուցիչ Կամքդ այդպես նախօրո՛ք ինձ պատկերելով. «Եվ արդ ինչո՞ւ ես դու այդպես տրտմել, հոգի՛ իմ, ա՛նձն իմ, երբ կործանումդ Աստծո՛ւց չի եղել, այլ քո ինքնագո՛րծ հակամտությամբ այդ վիճակն առար», և կամ. «Ինչու՞ ես իմ մեջ խռովվում՝ սատանայական հուսահատությամբ մտքիս խփելով: Հուսա՛ քո Աստծուն և խոստովանի՛ր Անունը Նրա, և Նա կհոգա՛ պետքերըդ բոլոր», ըստ դավանության Դավթի սաղմոսի և նաև այլ մի մարգարեի էլ՝ կենսախրախույս խոսքի համաձայն:

 

Գրաբարից փոխադրությունը՝ Մաքսիմ Ոսկանյանի

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ